Եթե դուք կամ ինչ-որ մեկը, ում կողքին եք, կարող եք ունենալ ինսուլտ, հատուկ ուշադրություն դարձրեք ախտանիշների սկսվելու ժամանակին:
Բուժման որոշ տարբերակներ առավել արդյունավետ են, երբ տրվում են ինսուլտի սկսվելուց անմիջապես հետո:
Ինսուլտի նշաններն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Խոսելու կամ մյուսների խոսքը հասկանալու դժվարություն. դուք կարող եք շփոթություն զգալ, աղճատեք բառերը կամ դժվարությամբ հասկանաք դիմացինի խոսքը:
- Դեմքի, ձեռքի կամ ոտքի կաթված կամ թմրածություն. ձեզ մոտ կարող է դեմքի, ձեռքի կամ ոտքի շրջանում առաջանալ հանկարծակի թմրածություն, թուլություն կամ կաթված: Սա հաճախ դրսևորվում է մարմնի միայն մեկ կողմի վրա: Փորձեք ձեր երկու ձեռքերը միաժամանակ բարձրացնել ձեր գլխից վեր: Եթե մի ձեռքը սկսում է ընկնել, դուք կարող եք կաթված ունենալ: Բացի այդ, ձեր բերանի մի կողմը կարող է կախվել, երբ փորձում եք ժպտալ:
- Մեկ կամ երկու աչքերում տեսողության խնդիրներ. դուք կարող եք հանկարծակի մշուշոտ կամ սևացած («մթնած») տեսողություն ունենալ մեկ կամ երկու աչքերում, կամ կարող եք առարկաների կրկնակի պատկերները տեսնել (երկտեսություն):
- Գլխացավ. հանկարծակի, սուր կամ սաստիկ գլխացավը, որը կարող է ուղեկցվել փսխումով, գլխապտույտով կամ գիտակցության խանգարմամբ, կարող է վկայել ինսուլտի մասին:
- Քայլելու դժվարություն. դուք կարող եք քայլելիս երերալ, սայթաքել կամ կորցնել ձեր հավասարակշռությունը: Կարող եք նաև ունենալ հանկարծակի գլխապտույտ կամ կորդինացիայի կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե նկատում եք ինսուլտի որևէ նշան կամ ախտանիշ, նույնիսկ եթե դրանք կարծես թե գալիս և գնում են կամ ամբողջովին անհետանում են: Մտածեք արագ (անգլերեն՝ FAST հապավում) և արեք հետևյալը:
- Face (դեմք). խնդրեք մարդուն ժպտալ: Դեմքի մի կողմը կախվա՞ծ է:
- Arms (ձեռքեր). խնդրեք մարդուն բարձրացնել երկու ձեռքերը: Արդյո՞ք մի ձեռքը շեղվում է ներքև: Կամ մի թևը չի՞ կարող բարձրանալ:
- Speech (խոսք). խնդրեք մարդուն կրկնել մի պարզ արտահայտություն: Արդյո՞ք նրա խոսքը լղոզված է կամ տարօրինակ:
- Time is critical (ժամանակը վճռորոշ է). եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, անմիջապես զանգահարք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Անմիջապես զանգահարեք 1-03: Մի՛ սպասեք տեսնելու, թե արդյոք ախտանշանները դադարում են: Ամեն րոպե կարևոր է: Որքան երկար ինսուլտը չբուժվի, այնքան մեծ կլինի ուղեղի վնասման և հաշմանդամության հավանականությունը:
Եթե դուք ինչ-որ մեկի հետ եք, ում մոտ կասկածում եք, որ ինսուլտ է զարգացել, ուշադիր հետևեք նչան շտապ օգնության սպասելիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024