Առողջական խնդիրներ

Հորդեոլում (տիկնակլունձ, ակնագարիկ)

Հորդեոլում (տիկնակլունձ, ակնագարիկ)

Time Read 1 րոպե

Հորդեոլումը կամ տիկնակլունձը (ակնագարիկ, ռուսերեն՝ ячмень) ձեր կոպեզրին առաջացող ցավոտ փոքր բուշտն է (կիստա):

Այն սովորաբար պատճառվում է աչքի թարթիչի հիմքում ընկած ճարպագեղձի բակտերիալ վարակով (ի տարբերություն խալյազիոնի, որը մեյբոմյան գեղձի ոչ վարակային բորբոքումն է):

Սկզբում կոպեզրը դառնում է ցավոտ, կարմրավուն, այտուցված, իսկ 3-4 օր անց առաջանում է թարախային գլխիկ, որը հետագայում հետագայում թարախային արտադրությամբ «բացվում է» աչքից ներս կամ դեպի դուրս։

Ավելի հաճախ առաջանում է հիգիենայի կանոններին չհետևելիս, օրինակ՝

  • աչքերը կեղտոտ պահելն ու չլվանալը
  • աչքերը կեղտող սրբիչով կամ թաշկինակով մաքրելը
  • աչքերը ձեռքերով տրորելը։

Տիկնակլունձը սովորաբար առանց որևէ բուժման ինքնուրույն լավանում է 1-3 շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում դուք կարող եք՝

  • ձեր ախտահարված կոպի վրա (աչքի փակ վիճակում) դնել տաք թրջոց, որը կարող է օգնել խցանված անցքերը բացվելուն (օրական 6 անգամ, յուրաքանչյւոր անգամ՝ մինչև 15 րոպե տևողությամբ)
  • ձեր աչքի շրջակա մաշկը պահել մաքուր՝ ձեր կոպերը նուրբ լվանալով տաք ջրով
  • եթե առկա է աչքից արտադրություն, ապա մաքրեք այն՝ օգտագործելով խոնավ բամբակե խծուծ (քթի ծայրից դեպի դուրս ուղղությամբ)
  • փորձեք չօգտագործել աչքերի շպար կամ կոնտակտային լինզաներ, քանի որ դրանք կարող են գրգռել ձեր աչքերը կամ փակել գեղձերի ծորանները
  • խուսափեք տիկնակլունձին դիպչելուց, առավել ևս, մի փորձեք սեղմելով կամ ծակելով «դատարկել» այն:

Եթե ձեզ մոտ տիկնակլունձից բացի առաջանում է աչքից արտադրություն, ապա դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով