Գրադարան
Ինքնասպանություն. բուժում

2 րոպե
Ինքնասպանության մտքերի և վարքագծի բուժումը կախված է ձեր կոնկրետ իրավիճակից, ներառյալ ձեր ինքնասպանության ռիսկի մակարդակը և այն հիմնական խնդիրները, որոնք կարող են հանգեցնել հոգեկան ճգնաժամի:
Անհետաձգելի օգնություն
Եթե ինքնասպանության փորձ եք կատարել և վնասել եք ինքներդ ձեզ՝
- զանգեք 1-03 կամ 911
- զանգեք ինքնասպանության թեժ գիծ (եթե այդպիսին կա)
- եթե միայնակ չեք, խնդրեք մեկնումեկին, որ ինքը կատարի այս զանգերը:
Անհետաձգելի բուժօգնության սենյակում բուժանձնակազմը կգնահատի ձեր ստացած վնասվածքները և կկազմակերպի դրանց պատշաճ բուժումը: Բժիշկը ձեզ հարցեր կտա և, ըստ անհրաժեշտության, կնշանակի որոշակի հետազոտություններ, որոնք կօգնեն ախտորոշելու ձեր ստացած վնասվածքների տեսակը և գնահատելու դրանց ծանրության աստիճանը: Կախված ձեր հոգեվիճակից՝ ձեզ կարող են տրվել հանգստացնող կամ այլ նշանակության դեղորայք:
Դուք կարող եք մնալ հիվանդանոցում որոշակի ժամանակ՝ մինչև հաստատվի, որ անցկացվող բուժումն արդյունավետ է, իսկ հետագա ինքնասպանության ռիսկը՝ նվազեցված:
Ոչ անհետաձգելի իրավիճակներ
Եթե ունեք ինքնասպանության մտքեր, բայց չեք գտնվում ճգնաժամային իրավիճակում, ձեր բժիշկը կարող է առաջարկել ամբուլատոր բուժում: Այս բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հոգեթերապիա (փսիխոթերապիա). հոգեթերապիայի ժամանակ, որը նաև կոչվում է հոգեբանական խորհրդատվություն կամ խոսակցական թերապիա, դուք ուսումնասիրում եք այն խնդիրները, որոնք առաջացնում են ինքնասպանության ցանկություն և սովորել հմտություններ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կառավարել ձեր բացասական մտքերը: Դուք և ձեր թերապևտը կարող եք միասին աշխատել՝ մշակելու անհատական բուժման ծրագիր և իրատեսական նպատակներ:
- Դեղորայքային բուժում. հակադեպրեսանտները, հակափսիխոտիկ դեղամիջոցները, տագնապի դեմ դեղամիջոցները և հոգեկան հիվանդության բուժման այլ դեղամիջոցները կարող են օգնել նվազեցնելու ախտանիշները: Սա կարող է օգնել, որ ազատվեք ինքնասպանություն գործելու մտքերից:
- Կախվածության բուժում. ապօրինի թմրամիջոցներից կամ ալկոհոլից կախվածության բուժումը կարող է ներառել դետոքսիկացիա, կախվածության բուժման ծրագրեր և փոխօգնության խմբերի հանդիպումներ:
- Ընտանիքի օժանդակություն և կրթություն. ձեր մտերիմները կարող են լինել և՛ աջակցության, և՛ կոնֆլիկտի աղբյուր։ Բուժման մեջ նրանց ներգրավելը կարող է օգնել այդ մարդկանց հասկանալու, թե ինչ ապրումներ եք դուք ինքներդ ունենում, ինչպես նաև սովորելու նման իրավիճակներում ձեզ օգնելու հմտությունները և բարելավելու ընտանիքի ներսում շփումներն ու փոխհարաբերությունները:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-08-2023 վերանայվել է՝ 17-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Ինքնասպանության նախազգուշացնող նշանները
- Ինչպե՞ս կարող եք դուք կանխարգելել ինքնասպանությունը
- Ինքնասպանության մտքերի հաղթահարման հմտություններ
- Ինքնասպանություն (սուիցիդ) և ինքնասպանության մտքեր
- Ինքնասպանություն. ախտանիշներ
- Ինքնասպանություն. պատճառներ
- Ինքնասպանություն. բարդություններ
- Ինքնասպանություն. կանխարգելում
- Ինքնասպանություն. ախտորոշում
- Ինքնասպանություն. ինքնօգնություն