Տախիկարդիան բժշկական տերմին է, որը բնութագրվում է րոպեում 100 զարկից ավելի սրտազարկի հաճախականությամբ։
Անկանոն սրտի ռիթմի բազմաթիվ տեսակներ (առիթմիաներ) կարող են առաջացնել տախիկարդիա:
Սրտի արագ ռիթմը միշտ չէ, որ մտահոգիչ է: Օրինակ, սրտի ռիթմը սովորաբար արագանում է ֆիզիկական վարժանքների ընթացքում կամ որպես սթրեսի պատասխան:
Տախիկարդիան կարող է որևէ ախտանիշ կամ բարդություն չառաջացնել: Այնուամենայնիվ, չբուժվելու դեպքում տախիկարդիայի որոշ ձևեր կարող են հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտային անբավարարությունը, ինսուլտը կամ սրտային հանկարծամահությունը:
Տախիկարդիայի բուժումը կարող է ներառել հատուկ հնարքներ (մանևրներ), դեղորայքային բուժում, կարդիովերսիա կամ վիրահատություն՝ հաճախացած սրտազարկը վերահսկելու համար:
Տախիկարդիայի տեսակները
Կան տախիկարդիայի բազմաթիվ տարբեր տեսակներ: Սինուսային տախիկարդիան վերաբերվում է սրտի կծկումների հաճախականության սովորական աճին, որը հաճախ առաջանում է ֆիզիկական վարժանքների կամ սթրեսի պատճառով:
Տախիկարդիայի մյուս տեսակները խմբավորվում են ըստ սրտի այն շրջանի, որը պատասխանատու է արագացած սրտազարկի համար և ըստ պատճառի: Տախիկարդիայի ընդհանուր տեսակները, որոնք առաջանում են անկանոն սրտազարկի պատճառով, ներառում են հետևյալը:
- Շողացող առիթմիա (նախասրտերի շողացում). սա տախիկարդիայի ամենատարածված տեսակն է: Սրտի վերին խոռոչներում (նախասրտեր) քաոսային անկանոն էլեկտրական գրգիռներն առաջացնում են արագացած սրտազարկ: Շողացող առիթմիան կարող է լինել ժամանակավոր, սակայն որոշ դրվագներ կարող են վերանալ միայն բուժման շնորհիվ:
- Նախասրտերի թրթռում. նախասրտերի թրթռումը նման է շողացող առիթմիային, սակայն սրտի կծկումներն ավելի կազմակերպված են: Նախասրտերի թրթռման դրվագները կարող են ինքնուրույն անհետանալ կամ պահանջել բուժում: Նախասրտերի թրթռում ունեցող մարդկանց մոտ հաճախ մեկ այլ դեպքում առաջանում է շողացող առիթմիա:
- Փորոքային հաճախասրտություն (վենտրիկուլյար տախիկարդիա). այս տեսակի առիթմիան սկսվում է սրտի ստորին խոռոչներից (փորոքներ): Արագացած սրտազարկը թույլ չի տալիս, որ փորոքները լցվեն արյունով և արդյունավետ կծկվեն, որ արտամղեն բավարար ծավալի արյուն: Փորոքային հաճախասրտության դրվագները կարող են լինել կարճատև և տևել մի քանի վայրկյան՝ առանց վնաս պատճառելու: Սակայն մի քանի վայրկյանից ավելի տևող դրվագները կարող են կյանքին վտանգ ներկայացնել:
- Վերփորոքային հաճախասրտություն (սուպրավենտրիկուլյար տախիկարդիա). վերփորոքային հաճախասրտությունը լայն տերմին է, որը ներառում է այն առիթմիաները, որոնք սկսվում են փորոքներից վերև: Այն առաջացնում է սրտի ուժեղ բաբախումների դրվագներ (սրտխփոց), որոնք սկսվում են և ավարտվում են հանկարծակի:
- Փորոքների շողացում (վենտրիկուլյար ֆիբրիլյացիա). արագացած և քաոսային էլեկտրական ազդանիշները համակարգված կծկվելու փոխարեն առաջացնում են փորոքների թրթռում (դող): Այս լրջագույն խնդիրը կարող է ավարտվել հիվանդի մահով, եթե սրտի ռիթմը րոպեների ընթացքում չվերականգնվի: Փորոքների շողացմամբ մարդկանց մեծ մասն ունի որևէ սրտային հիվանդություն կամ ստացել է ծանր տրավմա, օրինակ՝ կայծակի հարված:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2018
Վերջին վերանայում՝ 28-05-2024