Գրադարան
Տախիկարդիա. կանխարգելում

2 րոպե
Տախիկարդիայի կանխման լավագույն մեթոդը սիրտն առողջ պահպանելն է և սրտային հիվանդության կանխարգելումը:
Եթե արդեն ունեք սրտային հիվանդություն, վերահսկեք տախիկարդիան և հետևեք ձեր բուժման ծրագրին: Համոզվեք, որ լիովին հասկացել եք ձեր բուժման ծրագիրը և ընդունեք բոլոր դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակված է:
Սրտային հիվանդության ռիսկը նվազեցնելուն ուղղված ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել կանխարգելելու հաճախասրտություն առաջացնող առիթմիաները: Կատարեք հետևյալ քայլերը:
- «Առողջացրեք» ձեր սննդակարգը. ընտրեք ամբողջական ձավարեղենով, անճարպ մսով, ցածր յուղայնության կաթնամթերքներով և մրգերով ու բանջարեղենով հարուստ սննդակարգ: Սահմանափակեք աղը, շաքարը, ալկոհոլը, հագեցած ճարպերն ու այսպես կոչված տրանս-ճարպերը:
- Պարբերաբար վարժանքներ արեք. օրերի մեծ մասում փորձեք մարզվել առնվազն 30 րոպե:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշը, առավել ևս՝ գիրությունը մեծացնում են սրտային հիվանդությունների առաջացման վտանգը։
- Վերահսկեք բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ բարձր խոլեսթերինը. կատարեք ապրելակերպի համապատասխան շտկումներ և ընդունեք դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակված է արյան բարձր ճնշումը կամ բարձր խոլեստերինը վերահսկելու համար:
- Դադարեցրեք ծխելը. Եթե ծխում եք և չեք կարող ինքնուրույն թողնել ծխելը, զրուցեք բժշկի հետ այն մոտեցումների կամ ծրագրերի մասին, որոնք կօգնեն կոտրելու ձեր ծխելու սովորույթը:
- Ալկոհոլ օգտագործեք չափավոր քանակներով. եթե օգտագործում եք ալկոհոլ, արեք դա չափավոր քանակներով: Առողջ չափահաս մարդու համար սա նշանակում է՝ օրական ոչ ավելի քան 1 չափաբաժին կանանց համար և օրական մինչև 2 չափաբաժին տղամարդկանց համար: Առողջական որոշ խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում լիովին հրաժարվել ալկոհոլից: Խնդրեք ձեր բժշկին ձեր վիճակին հատուկ խորհրդատվության համար:
- Մի օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ կամ խթանիչներ, ինչպիսին է կոկաինը. զրուցեք ձեր բժշկի հետ ձեզ համապատասխանող ծրագրի մասին, եթե չեք կարողանում ինքնուրույն դադարեցնել դրանց օգտագործումը:
- Դեղորայք օգտագործեք զգուշությամբ. մրսածության կամ հազի որոշ դեղամիջոցներ պարունակում են խթանիչներ, որոնք կարող են նպաստել սրտազարկի հաճախացմանը: Հարցրեք ձեև բժշկին, թե որ դեղամիջոցներից է պետք խուսափել:
- Սահմանափակեք կոֆեինը. եթե խմում եք կոֆեին պարունակող ըմպելիքներ, դա արեք չափավոր (օրական 1-2 բաժակից ոչ ավելի):
- Կառավարեք սթրեսը. գտեք հուզական սթրեսի մեղմացման եղանակներ: Ավելի շատ ֆիզիկական վարժանքներ կատարելը, գիտակցվածությամբ զբաղվելը և աջակցող խմբերում այլ մարդկանց հետ շփումները սթրեսի նվազեցման որոշ ուղիներ են:
- Անցեք նախատեսված ստուգումները. կանոնավոր կերպով անցեք բուժզննումները և տեղեկացրեք բժշկին ձեր սրտազարկերի ցանկացած փոփոխության մասին: Եթե ձեր ախտանշանները փոխվում կամ վատանում են, կամ հայտնվում են նորերը, անմիջապես տեղեկացրեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-06-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: