Տախիկարդիայի բուժման նպատակներն են դանդաղեցնել արագ սրտազարկը, երբ այն առաջանում է, և կանխել հաճախասրտության հետագա դրվագները:
Եթե տախիկարդիայի պատճառը մեկ այլ հիվանդություն է , տվյալ խնդրի բուժումը կարող է նվազեցնել կամ կանխել հաճախասրտության դրվագները:
Արագացած սրտազարկի դանդաղեցում
Արագացած սրտազարկը կարող է ինքնուրույն ուղղվել: Սակայն, սրտազարկը դանդաղեցնելու համար երբեմն անհրաժեշտ է օգտագործել դեղորայք կամ դիմել այլ բուժումների օգնությանը:
- Թափառող նյարդի հնարքներ (վագալ մանևրներ). վագալ մանևրները ներառում են հազալը, ձգվելը՝ ինչպես կղելիս և սառցեպարկը դեմքին դնելը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ արագացած սրտազարկի դրվագի ժամնակ փորձեք այս հատուկ հնարքները: Դրանք խթանում են թափառող նյարդը, որն օգնում է սրտազարկի վերահսկմանը (դանդաղեցմանը):
- Դեղամիջոցներ. եթե վագալ հնարքները չեն օգնում տախիկարդիայի անհետացմանը, կարող է առաջանալ այնպիսի դեղեր ընդունելու անհրաժեշտություն, որոնք կարգավորում են հաճախացած սրտազարկը:
- Կարդիովերսիա. այս բուժական միջոցառումն իրականացվում է կրծքավանդակի վրա տեղադրված էլեկտրոդներով սրտին էլեկտրական հոսանք տալու միջոցով (էլեկտրաշոկ): Էլեկտրաշոկը «ցնցում է» սրտի էլեկտրական ազդանշանները և վերականգնում նորմալ սրտազարկը: Կարդիովերսիան սովորաբար օգտագործվում է, երբ անհրաժեշտ է իրականացնել անհետաձգելի բուժօգնություն (օրինակ, երբ տախիկարդիայի դրվագն ուղեկցվում է արյան ճնշման կտրուկ անկմամբ) կամ երբ վագալ մանևրներն ու դեղամիջոցները չեն ազդում: Հնարավոր է նաև կարդիովերսիա անցկացնել դեղամիջոցներով:
Հաճախասրտության հետագա դրվագների կանխարգելում
Տախիկարդիայի բուժումը ներառում է չափից դուրս արագացած սրտազարկերի կանխումը: Այն կարող է ներառել դեղամիջոցներ, իմպլանտացվող սարքեր կամ այլ վիրահատություններ և միջամտություններ:
- Դեղամիջոցներ. տախիկարդիայով մարդկանց մեծ մասին սովորաբար նշանակվում են դեղամիջոցներ, որոնք կարող են հսկել սրտի հաճախականությունը և վերականգնել սրտի նորմալ ռիթմը:
- Կաթետերային աբլացիա. այս միջամտության ժամանակ բժիշկը զարկերակների միջով, սովորաբար՝ աճուկից, անցկացնում է մեկ կամ մի քանի բարակ, ճկուն խողովակներ (կաթետեր) և դրանք ուղղորդում դեպի սիրտ: Այնուհետև, կաթետերի ծայրին առկա էլեկտրոդներով հայտնաբերվում է առիթմիա առաջացնող օջախները և ջերմային կամ սառը (ռադիոհաճախային) էներգիայով սրտի այդ շրջանում ստեղծում փոքրիկ սպիներ, որոնք արգելափակում են անկանոն էլեկտրական ազդանշանները և վերականգնում սրտի ռիթմը: Բժիշկները հաճախ այս մեթոդին դիմում են, երբ տախիկարդիայի պատասխանատուն հավելյալ ազդանշանային ուղին է: Կաթետերային աբլացիան չի պահանջում վիրահատություն, սակայն կարող է անցկացվել սրտի այլ վիրահատությունների հետ միաժամանակ:
- Ռիթմավար (փեյսմեյքեր). տախիկարդիայի որոշ տեսակներ կարող են բուժվել արհեստական ռիթմավարով: Վերջինս փոքր սարք է, որը փոքր վիրահատությամբ տեղադրվում է մաշկի տակ` կրծքավանդակի հատվածում: Երբ սարքը զգում է անկանոն սրտի ռիթմ, սրտին ուղարկում էլեկտրական ազդանշան, որն օգնում է սրտի վերականգնելու իր ճիշտ ռիթմը:
- Իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (անգլերեն հապավումը՝ ICD). ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այս սարքը, եթե ունեք կյանքին սպառնացող տախիկարդիաներ ունենալու բարձր ռիսկ (ինչպիսիք են փորոքային տախիկարդիան կամ փորոքների ֆիբրիլյացիան): ICD-ն մարտկոցով աշխատող բլոկ է, որը տեղադրվում է մաշկի տակ՝ ողնուղեղի մոտ և նման է սրտի ռիթմավարին: Այն անընդհատ վերահսկում է սրտի ռիթմը: Եթե սարքը հայտնաբերում է անկանոն սրտազարկ, դեպի սիրտ է ուղարկում է ցածր կամ բարձր էներգիայի հեսանքներ՝ վերականգնելու սրտի ռիթմը:
- Maze միջամտություն. այս դեպքում վիրաբույժը փոքրիկ կտրվածքներ է անում սրտի վերին կեսում (նախասրտեում)՝ սպիական հյուսվածքի ստեղծելու համար: Միջամտությունից հետո սրտի ազդանշանները չեն կարող այլևս անցնել սպիական հյուսվածքի միջով: Այսպիսով, maze-միջամտությունը կարող է արգելափակել սրտի թափոռող էլեկտրական ազդանշանները, որոնք կարող էին առաջացնել տախիկարդիայի որոշ տեսակներ:
- Վիրահատություն. երբեմն, երբ տախիկարդիայի պատճառը հավելյալ էլեկտրական անցուղիներն են, կարող է առաջանալ սրտի բաց վիրահատության անհրաժեշտություն՝ այդ ուղիները ոչնչացնելու համար: Վիրահատությունը սովորաբար կատարվում է միայն այն դեպքում, երբ բուժման այլ տարբերակներն արդյունավետ չեն կամ երբ անհրաժեշտ է վիրահատություն սրտի այլ խանգարումների բուժման համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-06-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2024