Երբ սիրտը կծկվում է խիստ հաճախացած, կարող է բավարար քանակությամբ արյուն չմղել դեպի օրգանիզմի մյուս շրջաններ:
Արդյունքում, օրգաններն ու հյուսվածքները կարող են չստանալ բավարար քանակությամբ թթվածին։
Ընդհանուր առմամբ, տախիկարդիան կարող է ուղեկցվել հետևյալ գանգատներով և ախտանիշներով՝
- սրտի արագացած զարկերի, կրծքավանդակում պուլսացիայի կամ սիրտը թփրտալու զգացողություն (սրտխփոց)
- ցավ սրտի շրջանում կամ կրծոսկրի հետևում
- ուշագնացություն (սինկոպե)
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- հաճախացած անոթազարկ (պուլս)
- հևոց:
Տախիկարդիա ունեցող որոշ մարդիկ ախտանիշներ չեն դրսևորում, և այս վիճակը հայտնաբերվում է այլ առիթով բուժզննման կամ սրտի հետազոտության ընթացքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Մի շարք պատճառներ կարող են առաջացնել հաճախացած սրտազարկ: Եթե զգում եք, որ ձեր սիրտը նորմայից արագ է բաբախում, պայմանավորվեք ձեր բժշկին այցելելու համար:
Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ունեք հևոց, թուլություն, գլխապտույտ, ուշագնացության զգացում, ուշագնացություն կամ գրեթե ուշագնացություն, հետկրծոսկրային ցավ կամ անհարմարավետության զգացողություն (դիսկոմֆորտ):
Տախիկարդիայի տեսակներից մեկը, որը կոչվում է փորոքների շողացում, կարող է հանգեցնել արյան ճնշման կտրուկ անկման: Վայրկյանների ընթացքում կարող է զարգանալ կոլապս, որից հետո՝ շնչառության կանգ և անոթազարկի անհետացում: Եթե դա տեղի ունենա, կատարեք հետևյալը:
- Զանգեք 1-03:
- Եթե դուք կամ մոտակայքում ինչ–որ մեկն անցել եք սիրտ–թոքային վերակենդանացման (ՍԹՎ) դասընթաց, սկսեք ՍԹՎ միջոցառումները․ ՍԹՎ-ն կարող է օգնել պահպանելու օրգանների արյան հոսքը, մինչև կիրականացվի դեֆիբրիլյացիա:
- Եթե դուք չեք անցել ՍԹՎ դասընթաց կամ կարծում եք, որ չեք կարող իրականացնել արհեստական շնչառություն, սկսեք միայն–ձեռքով ՍԹՎ․ ուժեղ և կտրուկ սեղմեք տուժողի կրծոսկրի շրջանում րոպեում 100-ից 120 սեղմման արագությամբ, մինչև շտապօգնության անձնակազմը ժամանի: Նման իրավիճակում կարիք չկա անցկացնելու արհեստական շնչառություն:
- Շարունակեք ՍԹՎ միջոցառումները՝ մինչև շտապօգնության անձնակազմը ժամանի:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2024