Արյունատար անոթները հնարավորինս առողջ պահելը կարևոր է անևրիզմայի կանխարգելման համար:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սրտի համար առողջարար այս մոտեցումները՝
- մի՛ ծխեք և մի՛ օգտագործեք ծխախոտային արտադրանքներ
- վերահսկեք ձեր արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը
- դարձրեք ձեր առօրյան ֆիզիկապես ակտիվ
- նվազեցրեք ձեր սննդակարգի խոլեստերինը և ճարպը, հատկապես՝ հագեցած և տրանս-ճարպերը:
Աորտայի անևրիզման կանխարգելող որևէ դեղամիջոց գոյություն չունի: Այնուամենայնիվ, դեղամիջոցները կարող են օգնել բարձր արյան ճնշման, բարձր խոլեստերինի և անևրիզմի հետ կապված այլ խնդիրների բուժման համար: Նման վիճակների պատշաճ կառավարումը նաև կարող է նվազեցնել կրծքային աորտայի անևրիզմայի բարդությունների ռիսկը:
Սքրինինգ և գենետիկ թեստավորում
Այն հիվանդությունները և խանգարումները, որոնք առաջացնում են կրծքային աորտայի անևրիզմա, կարող են հանդիպել ընտանիքներում: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ սքրինինգ անցնեք, եթե ձեր առաջին կարգի ազգականը, օրինակ՝ ծնողը, եղբայրը, քույրը, որդին կամ դուստրը, ունեն գենետիկ հիվանդություն, ինչպիսին է Մարֆանի համախտանիշը կամ կրծքային աորտայի անևրիզմայի հետ կապված մեկ այլ ժառանգական խանգարում:
Սքրինինգը նշանակում է, որ դուք պարբերաբար անցնում եք պատկերային հետազոտություններ, սովորաբար՝ էխոսրտագրություն (սրտի էխո)՝ անևրիզմայի առկայությունը ստուգելու համար: Եթե սրտի գերձայնային հետազոտությունը ցույց է տալիս լայնացած աորտա կամ անևրիզմա, 6-12 ամսվա ընթացքում կատարվում է մեկ այլ պատկերային հետազոտություն՝ համոզվելու, որ այն չի մեծացել:
Գենետիկ թեստավորում կարող է առաջարկվել, եթե ունեք աորտայի անևրիզմայի ընտանեկան պատմություն (անամնեզ), հատկապես, եթե մտածում եք հղիանալու մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024