Կրծքային աորտայի անևրիզմայի բուժման նպատակն է կանխել անևրիզմայի աճը (մեծացումը) և պատռումը:
Բուժումը կախված է անևրիզմայի չափից և դրա ավելի լայնացման կամ տարածման արագությունից:
Կրծքային աորտայի անևրիզմայի բուժումը կարող է ներառել՝
- կանոնավոր բժշկական այցեր և ստուգումներ, որոնք երբեմն կոչվում են բժշկական հսկողություն կամ սպասողական դիտարկում
- դեղամիջոցներ
- վիրահատություն:
Եթե ձեր կրծքային աորտայի անևրիզման փոքր է, բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ և պատկերային հետազոտություններ՝ անևրիզման վերահսկելու համար: Այլ առողջական խնդիրներն իրենց պահանջում են համապատասխան բուժում և վերահսկում:
Սովորաբար, ձեր անևրիզմայի ախտորոշումից առնվազն վեց ամիս անց դուք պետք է անցնեք էխոսրտագրություն (սրտի էխո), համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա (ՄՌԱ): Պատկերային հետազոտությունը նաև կարող է իրականացվել կանոնավոր բժշկական ստուգումների ժամանակ: Այն, թե որքան հաճախ է պետք անցնել այս հետազոտությունները, կախված է անևրիզմայի պատճառից և չափից, ինչպես նաև անևրիզմայի աճման արագությունից:
Դեղորայքային բուժում
Կախված իրավիճակից, ձեզ կարող են նշանակվել բարձր արյան ճնշման և բարձր խոլեստերինի բուժման դեղամիջոցներ:
- Բետա պաշարիչներ (բ-բլոկերներ). այս դեղամիջոցները նվազեցնում են արյան ճնշումը՝ դանդաղեցնելով սրտազարկը: Դրանք կարող են նվազեցնել աորտայի լայնացման արագությունը Մարֆանի համախտանիշով մարդկանց մոտ:
- Անգիոտենզին-2 ընկալիչների պաշարիչներ. այս դեղամիջոցները կարող են նշանակվել, եթե բետա-պաշարիչները չեն կարող օգտագործվել կամ եթե դրանք պատշաճ կերպով չեն վերահսկում արյան ճնշումը: Անգիոտենզին 2 ընկալիչների պաշարիչները հաճախ խորհուրդ են տրվում այն մարդկանց, ովքեր ունեն Լոյս-Դիցի համախտանիշ, նույնիսկ եթե չունեն բարձր արյան ճնշում: Այս խմբի դեղամիջոցների օրինակներից են Լոզարտանը (Կոզար), Վալսարտանը (Դիովան) և Օլմեսարտանը (Բենիկար):
- Ստատիններ. այս դեղամիջոցները կարող են օգնել արյան խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, որը կարող է օգնել զարկերակների խցանումների և անևրիզմայի բարդությունների ռիսկի կրճատմանը: Ստատինների օրինակներից են Ատորվաստատինը (Լիպիդոր), Լովաստատինը (Ալոպրև), Սիմվաստատինը (Զոկոր, ՖլոԼիպիդ) և այլն։
Եթե ծխում եք կամ ծամում եք ծխախոտ, կարևոր է, որ դադարեք դրանց օգտագործումը: Ծխախոտը կարող է վատթարացնել ձեր անևրիզման և ձեր ընդհանուր առողջական վիճակը:
Վիրահատական բուժում
Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում կրծքային աորտայի այն անևրիզմաների դեպքում, որոնք ունեն մոտ 5-6 սանտիմետր (մոտ 1,9-ից 2,4 դյույմ) և ավելի տրամաչափ: Վիրահատությունը նաև կարող է առաջարկվել ավելի փոքր անևրիզմաների ժամանակ, եթե ունեք աորտայի շերտազատման ընտանեկան պատմություն կամ աորտայի անևրիզմայի հետ կապված որևէ խանգարում, ինչպիսին է Մարֆանի համախտանիշը:
Կրծքային աորտայի անևրիզմա ունեցող մարդկանց մեծամասնությանը ցուցված է բաց կրծքավանդակային վիրահատություն, սակայն երբեմն կարող է առաջարկվել ավելի քիչ ինվազիվ միջամտություն, որը կոչվում է ներանոթային (էնդովասկուլյար) վիրահատություն:
Վիրահատության տեսակը կախված է առանձնահատուկ առողջական խնդիրների առկայությունից և կրծքային աորտայի անևրիզմայի տեղակայումից:
- Բաց կրծքավանդակային վիրահատություն. այս վիրահատությունը սովորաբար ներառում է անևրիզմայից վնասված աորտայի մի հատվածի հեռացում: Աորտայի հեռացված հատվածը փոխարինվում է սինթետիկ խողովակով, որը կոչվում է ստենտ կամ պրոթեզ: Հետվիրահատական լիարժեք վերականգնումը կարող է տևել մեկ ամիս կամ ավելի երկար:
- Աորտայի արմատի վիրահատություն. բաց կրծքավանդակային վիրահատության այս տեսակը կատարվում է աորտայի լայնացած արմատի բուժման համար՝ հնարավոր պատռվածքը կանխելու համար: Աորտայի արմատի մոտ ձևավորված անևրիզմաները կարող են կապված լինել Մարֆանի համախտանիշի և հարակից այլ խանգարումների հետ: Վիրաբույժը հեռացնում է աորտայի մի մասը, իսկ երբեմն՝ նաև աորտայի փականը: Հեռացված փականը փոխարինում է մեխանիկական կամ կենսաբանական փականով: Եթե փականը չի հեռացվում, վիրահատությունը կոչվում է փական-խնայող աորտայի արմատի վերականգնում:
- Աորտայի անևրիզմայի ներանոթային (էնդովասկուլյար) վերականգնում (ԱԱՆՎ, EVAR). վիրաբույժը բարակ, ճկուն խողովակ է տեղադրում արյունատար անոթի մեջ, սովորաբար՝ աճուկից, և այն ուղղորդում դեպի աորտա։ Կաթետերի ազատ ծայրին ամրացված մետաղական ցանցային խողովակը, որը կոչվում է ստենտ կամ պրոթեզ, տեղադրվում է անևրիզմայի տեղում և ամրացվում փոքր կեռիկներով կամ կապերով: Պրոթեզն ամրացնում է աորտայի թուլացած հատվածը՝ այսպիսով կանխարգելելով անևրիզմայի պատռումը: Կաթետերային այս միջամտությունը կարող է ապահովել ավելի արագ հետվիրահատական վերականգնում: ԱԱՆՎ-ն ցուցված չէ բոլորի համար, ուստի հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք այն կարող է կիրառվել ձեր դեպքում: ԱԱՆՎ-ից հետո ձեզնից կպահանջվի կանոնավոր կերպով անցնել պատկերային հետազոտություններ՝ տեղադրված պրոթեզից արտահոսքը ստուգելու համար:
- Անհետաձգելի վիրահատություն. կրծքային աորտայի պատռված անևրիզման պահանջում է բաց կրծքավանդակային շտապ վիրահատություն: Այս տեսակի վիրահատությունը խիստ ռիսկային է և ունի բարդությունների և մահվան ելքի մեծ հավանականություն: Այդ իսկ պատճառով կարևոր է ողջ կյանքի ընթացքում բժշկական այցերի և ստուգումների միջոցով հայտնաբերել և համապատասխան կանխարգելիչ վիրահատությունների օգնությամբ բուժել կրծքային աորտայի անևրիզմաները՝ քանի դեռ դրանք չեն պատռվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024