Կրծքային աորտայի անևրիզմաները հաճախ հայտնաբերվում են պատահականորեն, երբ մեկ այլ պատճառով կատարվում է պատկերային հետազոտություն:
Եթե ունեք կրծքային աորտայի անևրիզմայի ախտանիշներ, ձեր բժիշկը կարող է հարցնել ձեր ընտանիքի առողջության պատմության մասին (անամնեզ): Անևրիզմաների որոշ (գենետիկ) տեսակներ կարող են հանդիպել միայն որոշակի ընտանիքներում:
Հետազոտություններ
Պատկերային հետազոտությունները կարող են օգնել կրծքային աորտայի անևրիզմայի ախտորոշման հաստատմանը կամ սքրինինգին: Դրանք կարող են ներառել հետևյալը:
- Էխոսրտագրություն (սրտի էխո). այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ցույց տալու, թե ինչպես է արյունը շարժվում սրտի խոռոչներով և արյունատար անոթներով, ներառյալ՝ աորտայով: Էխոսրտագրությունը կարող է նշանակվել կրծքային աորտայի անևրիզմաներն ախտորոշելու կամ սքրինինգի համար: Եթե ստանդարտ էխոսրտագրությունն աորտայի մասին բավարար տեղեկատվություն չի տալիս, կարող է առաջարկվել տրանսէզոֆագեալ էխոկարդիոգրաֆիա: Այս տեսակի էխոսրտագրության դեպքում ճկուն խողովակը, որի ազատ ծայրին կա տվիչ (տրանսդյուսեր), ներմուծվում է է ձեր կոկորդով դեպի բերանը ստամոքսին միացնող խողովակի՝ կերակրափողի մեջ:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ-ն օգտագործում է ռենտգեն ճառագայթներ՝ ներքին օրգանների, ներառյալ՝ աորտայի խաչաձև հատած պատկերներ (շերտագրեր) ստեղծելու համար: Այն կարող է ցույց տալ անևրիզմայի չափն ու ձևը: ԿՏ սքանավորման ժամանակ դուք սովորաբար պառկում եք սեղանի վրա՝ թունելաձև ռենտգեն սարքի ներսում: Ներկանյութը, որը կոչվում է կոնտրաստ, կարող է տրվել ձեր երակով, որն օգնում է ռենտգեն պատկերում զարկերակների ավելի հստակ ուրվագծմանը:
- Սրտի մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). Սրտի ՄՌՏ-ն օգտագործում է մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ՝ սրտի և աորտայի մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Այն կարող է օգնել անևրիզմայի ախտորոշմանը, ինչպես նաև աորտայի լայնացած կամ փքված հատվածի չափն ու հստակ տեղի որոշմանը: Այս հետազոտության ժամանակ դուք պառկում եք սեղանի վրա, որը սահում է թունելաձև սարքի մեջ: Ինչպես ԿՏ-ի դեպքում էր, ձեր երակից կարող է տրվել կոնտրաստային նյութ՝ արյունատար անոթների ավելի հստակ պատկերման համար: ՄՌՏ հետազոտությունը չի օգտագործում ճառագայթում: Սա կարող է լինել տարբերակ այն մարդկանց համար, ովքեր անևրիզմայի կապակցությամբ հաճախակի պատկերային հետազոտման կարիք ունեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024