Բժիշներն առանձնացնում են կրծքային ելքանցքի համախտանիշի (ԿԵՀ) երեք տեսակ:
- Նյարդածին (նեյրոգեն) ԿԵՀ. սա կրծքային ելքանցքի համախտանիշի ամենատարածված տեսակն է: Այս տեսակի դեպքում սեղմվում է նյարդերի մի խումբ, որը կոչվում է բազկային հյուսակ (բրախիալ պլեքսուս): Բազկային հյուսակի նյարդերը գալիս են ողնուղեղից և վերահսկում են ուսագոտու, ձեռքի և դաստակի մկանների շարժումները և զգացողությունը:
- Երակային (վենոզ) ԿԵՀ. կրծքային ելքանցքի համախտանիշի այս տեսակն առաջանում է, երբ սեղմվում և վնասվում են անրակի տակ գտնվող երակներից մեկը կամ մի քանիսը: Նման վիճակը կարող է հանգեցնել արյան մակարդուկների (թրոմբի) առաջացման:
- Զարկերակային (արտերիալ) ԿԵՀ. սա կրծքային ելքանցքի համախտանիշի ամենաքիչ տարածված տեսակն է: Այն առաջանում է, երբ անրակի տակ գտնվող զարկերակներից մեկը սեղմվում է: Սեղմումը կարող է առաջացնել զարկերակի վնասվածք, որի արդյունքում առաջանում է զարկերակի պատի պարկաձև արտափքում (անևրիզմա) կամ արյան մակարդուկի (թրոմբի) ձևավորում:
Կրծքային ելքանցքի համախտանիշի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված տեսակից: Երբ սեղմվում են նյարդերը, նյարդածին կրծքային ելքանցքի համախտանիշի ախտանիշները ներառում են հետևյալը՝
- ձեռքի կամ մատների թմրածություն կամ ծակծկոցներ
- պարանոցի, ուսագոտու, ձեռքի կամ դաստակի սուր, այրող կամ նվացող ցավ
- գործողություն անելիս ձեռքի հոգնածություն
- բռունցքի թուլություն:
Երակային կրծքային ելքանցքի համախտանիշի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- դաստակի կամ մեկ կամ մի քանի մատների գույնի փոփոխություն (կապտավուն գունավորում)
- ձեռքի կամ դաստակի ցավ և այտուցվածություն:
Զարկերակային կրծքային ելքանցքի համախտանիշի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- անրակի մոտ բաբախող ուռածություն
- սառը մատներ, դաստակներ կամ ձեռքեր
- դաստակի և ձեռքի ցավ
- մեկ կամ մի քանի մատների կամ ամբողջ դաստակի գույնի փոփոխություն (գունատություն)
- ախտահարված ձեռքում անոթազարկի (պուլսի) թուլացում կամ բացակայություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և աԱյցելեք ձեր բժշկին, եթե պարբերաբար զգում եք կրծքային ելքանցքի համախտանիշի որևէ ախտանիշ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024