Պահպանողական (կոնսերվատիվ) բուժման մոտեցումը կարող է արդյունավետ լինել մարդկանց մեծամասնության համար, հատկապես, եթե հիվանդությունը վաղ է ախտորոշվել:
Բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Ֆիզիոթերապիա. եթե ունեք նյարդածին (նեյրոգեն) տեսակի կրծքային ելքանցքի համախտանիշ, ֆիզիոթերապիան բուժման առաջին ընտրությունն է: Հատուկ վարժություններն ուժեղացնում և ձգում են ձեր ուսագոտու մկանները, որ բացվի կրծքային ելանցքի տարածությունը: Սա բարելավում է ձեր ձեռքի շարժումների շրջանակը և կեցվածքը: Ժամանակի ընթացքում այս վարժությունները կարող են նվազեցնել կրծքային ելքանցքով անցնող արյունատար անոթների և նյարդերի սեղմվածությունը:
- Դեղորայքային բուժում. ձեզ կարող են նշանակվել հակաբորբոքային դեղամիջոցներ, ցավազրկողներ կամ մկանային հանգստացնող դեղամիջոցներ (միոռելաքսնանտներ): Դեղորայքը նվազեցնում է այտուցը, մեղմացնում ցավը և նպաստում մկանների թուլացմանը: Եթե առկա է ներանոթային արյան մակարդուկ (թրոմբ), ձեզ կարող է անհրաժեշտ լինել արյունը նոսրացնող (ջրիկացնող) դեղամիջոցներ, որոնք կոչվում են հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ):
- Մակարդուկը (թրոմբ) տարալուծող դեղամիջոցներ. եթե ունեք երակային կամ զարկերակային տեսակի կրծքային ելքանցքի համախտանիշ և հայտնաբերվել են արյան մակարդուկներ (թրոմբ), ձեզ կարող է տրվել դեղամիջոց, որոնք կարող են տարալուծել այդ մակարդուկները: Այսպիսի ազդեցությամբ դեղամիջոցը, որը հայտնի է որպես թրոմբոլիտիկ, տրվում է երակով կամ զարկերակով: Մակարդուկի տարալուծում (թրոմբոլիզիս) ստանալուց հետո ձեր բժիշկը կարող է նշանակել որոշակի դեղամիջոցներ՝ հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ), ապագայում արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումը կանխելու համար:
- Ներարկումներ. տեղային անզգայացնող միջոցի (անեստթետիկ), օնաբոտուլինումտոքսինA-ի (բոտեքս) կամ ստերոիդ դեղամիջոցի ներարկումները կարող են օգտագործվել նյարդածին (նեյրոգեն) տեսակի կրծքային ելքանցքի համախտանիշի բուժման համար: Դրանք կարող են օգնել ցավի թուլացմանը:
Վիրահատական տարբերակներ
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն, եթե պահպանողական բուժումները արդյունավետ չեն եղել: Կամ դուք կարող եք մտածել վիրահատության մասին, եթե ունեք շարունվող կամ վատթարացող ախտանիշներ:
Նման դեպքերում վիրահատական միջամտությունը կատարում է կրծքային վիրաբուժության մեջ վերապատրաստված վիրաբույժը, որը հայտնի է որպես կրծքային վիրաբույժ կամ արյունատար անոթների վիրաբուժության մեջ վերապատրաստված վիրաբույժը, որը հայտնի է որպես անոթային վիրաբույժ:
Կրծքային ելքանցքի համախտանիշի վիրահատությունն ունի բարդությունների ռիսկ, ինչպիսին է այն նյարդախրձի վնասվածքը, որը հայտնի է որպես բազկային հյուսակ (բրախիալ պլեքսուս): Բացի այդ, վիրահատությունը կարող է չթուլացնել կամ միայն մասամբ թեթևացնել ձեր ախտանիշները, իսկ հետագայում դրանք կարող են կրկնվել:
Կրծքային ելքանցքի համախտանիշի բուժման վիրահատությունը, որը կոչվում է կրծքային ելքանցքի դեկոպրեսիա, կարող է իրականացվել մի քանի տարբեր մոտեցումների կիրառմամբ: Դրանցից է մկանի և առաջին կողոսկրի մի մասի հեռացումը՝ ելքանցքի շրջանում սեղմումը թեթևացնելու համար: Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն վնասված արյան անոթները վերականգնելու համար:
Երակային կամ զարկերակային տեսակի կրծքային ելքանցքի համախտանիշի դեպքում վիրաբույժը կարող է նախքան կրծքավանդակի ելքանցքի դեկոմպրեսիան դեղամիջոցներ ներմուծել անմիջականորեն վնասված անոթի մեջ՝ արյան մակարդուկները (թրոմբ) տարալուծելու համար: Կամ ձեզ կարող է անհրաժեշտ լինել երակից կամ զարկերակից մակարդուկի (թրոմբի) հեռացման կամ երակի կամ զարկերակի վերականգնման միջամտություն: Սա նույնպես կատարվում է կրծքային ելքանցքի դեկոմպրեսիայից առաջ:
Եթե ունեք զարկերակային տեսակի կրծքային ելքանցքի համախտանիշ, վիրաբույժը կարող է առաջարկել վնասված զարկերակի փոխարինում: Վնասված անոթը փոխարինվում է ձեր օրգանիզմի մեկ այլ մասից վերցրած զարկերակի մի հատվածով, որը հայտնի է որպես տրանսպլանտանտ: Կամ կարող է օգտագործվել արհեստական տրանսպլանտանտ: Վնասված զարկերակի փոխպատվաստման միջամտությունը կարող է կատարվել առաջին կողի հեռացման հետ միաժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024