Հակաբիոտիկները սովորաբար միզուղիների վարակների առաջին բուժումն են:
Ձեր առողջական վիճակը, մեզի մեջ հայտնաբերված բակտերիաների տեսակը և դրանց նկատմամբ հակաբիոտիկների զգայունության որոշումը թույլ են տալիս ընտրել, թե որ դեղամիջոցն է պետք նշանակել և որքան ժամանակ է անհրաժեշտ այն ընդունել:
Սովորական (չբարդացած) վարակ
Միզուղիների սովորական վարակների դեպքում սովորաբար նշանակվում են հետևյալ դեղամիջոցները՝
- Տրիմեթոպրիմ և Սուլֆամեթոքսազոլ (Բակտրիմ, Բակտրիմ DS)
- Ֆոսֆոմիցին (Մոնուրոլ)
- Նիտրոֆուրանտոին (Մակրոդանտին, Մակրոբիդ, Ֆուադանտին)
- Ցեֆալեքսին
- Ցեֆտրիաքսոն:
Հակաբիոտիկների խումբը, որը հայտնի է որպես ֆտորխինոլոններ, չբարդացած վարակների բուժման համար ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում: Դրանցից են Ցիպրոֆլոքսացինը (Ցիպրո), Լևոֆլոքսացինը և այլն: Այս դեղերի ռիսկերը հիմնականում գերազանցում են չբարդացած վարակների բուժման օգուտները:
Միզուղիների բարդացած վարակների կամ երիկամների վարակի դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել ֆտորխինոլոնային դեղամիջոց, եթե բուժման այլ տարբերակներ չկան:
Միզուղիների վարակների ախտանիշները հաճախ անհետանում են բուժումը սկսելուց մի քանի օրվա ընթացքում: Սակայն, ձեզ կարող է անհրաժեշտ լինել հակաբիոտիկային բուժումը շարունակել մեկ շաբաթ կամ ավելի: Ընդունեք ձեզ նշանակված դեղամիջոցի ամբողջական կուրսն այնպես, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը:
Միզուղիների չբարդացած վարակների դեպքում, որն առաջանում է, երբ այլ առողջական խնդիրներ չունեք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի կարճատև բուժում, օրինակ, հակաբիոտիկի ընդունում միայն 1-ից 3 օր: Այն, թե արդյոք այսպիսի կարճատև բուժումը բավարար է ձեր վարակը բուժելու համար, կախված է ձեր ախտանիշներից և հիվանդության պատմությունից:
Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել որևէ ցավազրկող դեղամիջոց, որը կարող է թեթևացնել միզելիս այրոցը կամ ցավը: Այնուամենայնիվ, ցավը սովորաբար անհետանում է հակաբիոտիկների օգտագործումը սկսելուց անմիջապես հետո:
Հաճախակի (կրկնվող) վարակներ
Եթե հաճախակի ունենում եք միզուղիների վարակներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը:
- Ցածր դեղաչափով հակաբիոտիկներ, որոնք կարող են նշանակվել վեց ամիս կամ ավելի երկար ժամանակահատվածի համար:
- Ախտորոշել և բուժել ինքներդ ձեզ, երբ ախտանիշները հայտնվում են: Ձեզանից նաև կպահանջվի կապի մեջ մնալ ձեր բժշկի հետ:
- Սեռական հարաբերությունից հետո ընդունել հակաբիոտիկի մեկ (եզակի) դեղաչափ, եթե միզուղիների վարակները կապված են ձեր սեռական ակտիվության հետ:
- Հեշտոցային էստրոգենային թերապիա, եթե հասել եք դաշտանադադարի փուլ:
Ծանր վարակ
Ծանր վարակները սովորաբար բուժվում են ներերակային հակաբիոտիկներով: Նման դեպքերում բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024