Փսխում կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներից:
Փսխումը հաճախ որևէ լուրջ նշանակություն չունի, սակայն կարող է լինել որևէ լուրջ կամ ծանր հիվանդության ախտանիշներից մեկը:
Փսխման ամենատարածված պատճառները ներկայացվում են ստորև:
- Գաստրոէնտերիտ. սա չափահաս մարդկանց մոտ փսխման ամենատարածված պատճառներից մեկն է: Գաստրոէնտերիտը մարսողական վարակ է, որը սովորաբար առաջանում բակտերիալ կամ վիրուսային վարակից (օրինակ՝ նորովիրուս): Գաստրոէնտերիտը նաև առաջացնում է փորլուծություն: Իմունային համակարգը սովորաբար կարողանում է մի քանի օրվա ընթացքում հաղթահարել վարակը:
- Հղիություն. հղիությունն ինքնին կարող է առաջացնել սրտխառնոց, որը նորմալ երևույթ է: Հղի կանայք փսխումների նկատմամբ ավելի հակված են 6-ից մինչև 14-րդ շաբաթական ժամկետներում: Եթե առավոտյան սրտխառնոցը դարձել է անհանգստացնող, դիմեք ձեր բժշկին կամ մանկաբարձուհուն:
- Ծովային հիվանդություն. որոշ մարդիկ փսխում են, երբ տեղաշարժվում են մեքենաներով, օդանավերով կամ նավերով: Այսպիսի հիվանդագին վիճակն ուղեկցվում թուլությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով և փսխմամբ, որոնք ի հայտ են գալիս հատկապես այն ժամանակ, երբ առկա է տրանսպորտային միջոցի ճոճք: Կան այս վիճակը կանխարգելող տարբեր մեթոդներ:
- Միգրեն. եթե ունեք միգրեն, փսխումը սովորաբար սկսվում է գլխացավի նոպայի գագաթնագետին և անհետանում է, երբ գլխացավերը մեղմանում են: Ձեր բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք մեղմացնում են գլխացավը և դրանց ուղեկցող փսխումները:
- Ապենդիցիտ. սա անհետաձգելի բուժօգնություն, հաճախ՝ վիրահատություն պահանջող հիվանդություն է: Այն կարող է առաջացնել փսխումներ, սակայն սովորաբար գլխավոր ախտանիշը որովայնի ստորին աջ կողմի (աջ զստափոսի) ցավերն են:
- Լաբիրինթիտ. սա ներքին ականջի հիվանդություն է, որը կարող է առաջացնել գլխապտույտ կամ գլխապույտի տեսակ, երբ մարդուն թվում է, թե շրջապատը պտտվում է իր շուրջը (վերտիգո): Գլխապտույտը և վերտիգոն հաճախ ուղեկցվում են փսխումներով: Բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք մեղմացնում են գանգատները՝ մինչև հիվանդության լավացումը, որը կարող է տևել մի քանի շաբաթ:
Չափահասների շրջանում փսխում նաև կարող են առաջացնել տարբեր այլ պատճառներ՝
- սննդային թունավորում (վարակված կամ ժամկետանց սննդամթերքի օգտագործման պատճառով)
- ալկոհոլի մեծ քանակների ընդունում (ալկոհոլային թունավորում)
- հեռավոր ճանապարհորդություններ (հաճախ՝ ջրի և սննդի կտրուկ փոփոխության պատճառով)
- արյան շաքարի կտրուկ բարձրացում (հիպերգլիկեմիա) կամ կտրուկ անկում (հիպոգլիկեմիա)
- աղիների խցանում (անանցանելիություն)
- լեղապարկի հիվանդություններ (օրինակ՝ քար կամ բորբոքում)
- երիկամային վարակ (պիելոնեֆրիտ)
- երիկամի քար, որը խցանել է միզածորանը
- որոշ դեղեր, ինչպիսիք են հակաբիոտիկները կամ քաղցկեղի բուժման դեղամիջոցները:
Ավելի հազվադեպ փսխում կարող են առաջացնել հետևյալ հիվանդությունները կամ վիճակները՝
- հուզական սթրես (որպես վախի պատասխան ռեակցիա)
- մեծ քանակով սննդի ընդունում
- որոշ հոտերի նկատմամբ ռեակցիա կամ անտանելիություն
- սրտամկանի ինֆարկտ
- գանգուղեղային տրավմաներ (օրինակ՝ ուղեղի ցնցում)
- գլխուղեղի ուռուցքներ
- խոցային հիվանդություն
- քաղցկեղի որոշ տեսակներ
- բուլիմիա կամ հոգեկան այլ խնդիրներ
- գաստրոպարեզ կամ ստամոքսի դատարկման դանդաղեցում (վիճակ, որը կարող է զարգանալ դիաբետի ժամանակ)։
Իմացե՛ք ավելին երեխաների մոտ փսխման և փորլուծության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024