Փսխում
13-04-2018
1 րոպե

Փսխումը կարող է առաջանալ շատ տարբեր պատճառներից՝ վարակիչ հիվանդություններ, սննդային թունավորում, ստամոքսի և 12-մատնյա աղու խնդիրներ և այլն։
Փսխումը նաև ոչ հազվադեպ ի հայտ է գալիս կանանց մոտ հղիության շրջանում։
Չափահաս մարդկանց մոտ փսխումը սովորաբար որևէ լուրջ խնդիր չի ներկայացնում և ինքնազգացողությունը լիովին վերականգնվում է 1-2 օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում փսխումը կարող է դառնալ լուրջ առողջական խնդիր, օրինակ՝ սուր ջրազրկում առաջացնելու պատճառով։
Փսխումը ստամոքսի և մասամբ 12-մատնյա աղու պարունակության արագ դատարկումն է բերանի միջոցով: Այն իրականացվում է մի շարք մկանախմբերի համաձայնեցված գործունեության արդյունքում, որոնք կառավարվում են գլխուղեղի փսխման կենտրոնի կողմից: Փսխման կենտրոնն ակտիվանում է ի պատասխան բերանից, ստամոքսից, աղիներից, արյունից, ներքին ականջի հավասարակշռության օրգանից և բուն գլխուղեղից եկող ազդակներին:
Փսխումը սովորաբար հաջորդում է սրտխառնոցին:
Եզակի փսխումը տհաճ, սակայն հաճախ որևէ լուրջ վիճակի չբերող վիճակ է: Բազաթիվ տարբեր հիվանդություններ կամ առողջական խնդիրներ կարող են առաջացնել փսխում: Եթե փսխումը որևէ լուրջ հիվանդության պատճառով չէ առաջացել, ապա 1-2 օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում է, իսկ 3-րդ օրը դուք ձեզ լիարժեք առողջ եք զգում:
Սակայն պետք է ուշադիր լինել, որ ջրազրկում չառաջանա: Ուստի, այցելեք բժշկին, եթե փսխումներն ինքնուրույն չեն անհետանում 1-2 օրվա ընթացքում:
Երեխաները հակված են ավելի հաճախ փսխելու, քան չափահաս մարդիկ: Նրանք սովորաբար արագ վերականգնվում են, սակայն պետք է հաշվի առնել, որ երեխաները նաև արագորեն կարող են ջրազրկվել, հատկապես, եթե փսխումը զուգակցվում է փորլուծության հետ:
Իմացե՛ք ավելին երեխաների մոտ փսխման և փորլուծության առանձնահատկությունների մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 18-06-2021