Լաբ թեստեր
Մեզում էրիթրոցիտներ

Միջազգային անվանում (հապավում). Urine Erythrocytes (UE)
Նկարագրություն
Մեզում էրիթրոցիտների առկայությունը երիկամային կամ ուրոլոգիական տարբեր հիվանդությունների և հեմոռագիկ դիաթեզի լաբորատոր ցուցանիշներից է:
Էրիթրոցիտները (ինչպես և արյան մյուս ձևավոր տարրերը) մեզում հայտնվում են արյունից:
Ֆիզիոլոգիական էրիթրոցիտուրիան չի անցնում մինչև 5 էրիթրոցիտ/մկլ-ը և չի ազդում մեզի գույնի վրա:
Էրիթրոցիտուրիան կարող է ի հայտ գալ երիկամային և ուրոլոգիական տարբեր հիվանդությունների ժամանակ: Այն նաև հեմոռագիկ դիաթեզի լաբորատոր ցուցանիշներից է:
Հեմատուրիան (արյունամիզություն) կարող է զարգանալ միզատար համակարգի ցանկացած կետի արյունահոսությունից:
Պետք է հաշվի առնել, որ մեզում էրիթրոցիտների առկայությունը կարող է պայմանավորված լինել կանանց մոտ դաշտանային արտազատուկներովգ մեզի աղտոտման դեպքում:
Ցուցումներ
- միզուղիների հիվանդություններ
- սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
- տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
- հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում
Կենսանմուշ
UE թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։
Կենսանմուշի հանձնում
Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
- ապարատային չափմամբ՝ բջ/մկլ (ERY/µL, էրիթրոցիտ/միկրոլիտր)
- մանրադիտակային զննմամբ՝ էրիթրոցիտների թիվը տեսադաշտնում
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- ապարատային չափմամբ՝ Բացասական (< 5 էրիթրոցիտ/մկլ)
- միկրոսկոպիայով՝ տղամարդիկ՝ < 2 էրիթրոցիտ/տեսադաշտ
Արդյունքների մեկնաբանություն
Մեզում էրիթրոցիտների առկայություն (էրիթրոցիտուրիա, հեմատուրիա)
- միզուղիներում քարերի առկայություն
- միզասեռական համակարգի ուռուցքներ
- գլոմերուլոնեֆրիտ
- պիելոնեֆրիտ
- հեմոռագիկ դիաթեզներ (հակամակարդիչներով բուժման անտանելիություն, հեմոֆիլիաներ, արյան մակարդելիության խանգարումներ, թրոմբոցիտոպենիաներ, թրոմբոցիտոպաթիաներ)
- միզուղիների վարակներ (ցիստիտ, ուրոգենիտալ տուբերկուլոզ)
- երիկամների վնասվածքներ
- երիկամային անոթների ներգրավմամբ զարկերակային գերճնշում
- համակարգային կարմիր գայլախտ (լուպուս-նեֆրիտ)
- թունավորում բենզոլի, անիլինի ածանցյալներով, օձի թույնով, թունավոր սկներով
- հակամակարդիչներով ոչ համարժեք բուժում
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: