Լաբ թեստեր
Մեզում լեյկոցիտներ

Միջազգային անվանում (հապավում). Urine Leukocytes (UL)
Նկարագրություն
Մեզում լեյկոցիտների հայտնվելը կամ լեյկոցիտուրիան երիկամների և (կամ) ստորին միզուղիների բորբոքման լաբորատոր ցուցանիշներից է:
Մեզում լեյկոցիտների բարձրացած քանակությունը (լեյկոցիտուրիա) քրոնիկ բորբոքումների ավելի հուսալի ցուցանիշ է, քան բակտերուրիան, որը հաճախ կարող է և չհայտնաբերվել: Մեզում լեյկոցիտների չափից դուրս մեծ քանակության դեպքում մեզում թարախը կարող է հայտնաբերվել նաև մակրոսկոպիորեն, որը կոչվում է «թարախամիզություն» (պիուրիա):
Պետք է հաշվի առնել, որ մեզում լեյկոցիտերի առկայությունը կարող է պայմանավորված լինել արտաքին սեռական օրգանների արտազատուկներով մեզի աղտոտման դեպքում (վուլվովագինիտ, արտաքին սեռական օրգանների ոչ պատշաճ հիգիենա և այլն):
Ցուցումներ
- միզատար ուղիների հիվանդություններ
- սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
- տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
- հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում
Կենսանմուշ
UL թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին։
Կենսանմուշի հանձնում
Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին չափաբաժինները:
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավորներ
- ապարատային չափմամբ՝ բջ/մկլ (LEU/µL, լեյկոցիտ/միկրոլիտր)
- մանրադիտակային զննմամբ՝ լեյկոցիտների թիվը տեսադաշտնում
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- ապարատային չափմամբ՝ բացասական (մինչև 10 լեյկոցիտ/մկլ)
- միկրոսկոպիայով՝ տղամարդիկ՝ < 3 լեյկոցիտ/տեսադաշտ, կանայք՝ < 5 լեյկոցիտ/տեսադաշտ
Արդյունքների մեկնաբանություն
Մեզում լեյկոցիտների առկայություն (լեյկոցիտուրիա)
- սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ
- միզապարկի բորբոքում (ցիստիտ), միզուկի բորբոքում (ուրետրիտ), տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ)
- միզուղիներում քարեր
- տուբուլոինտերստիցիալ նեֆրիտ
- լուպուս-նեֆրիտ
- փոխպատվաստված երիկամի անջատում
Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: