Այս էջում ձեզ կներկայացվի որովայնային հիստերէկտոմիայի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր, ապա դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:
Ի՞նչ է հիստերէկտոմիան
Հիստերէկտոմիան ձեր արգանդի հեռացման վիրահատություն է: Արգանդի վզիկը (պարանոց) սովորաբար նույնպես հեռացվում է: Ձեր ֆալոպյան փողերը և ձվարանները նույնպես կարող են նույն վիրահատությամբ միաժամանակ հեռացվել:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Որովայնային հիստերէկտոմիայի հաճախ հանդիպող պատճառներից են (ցուցումներ)՝
- առատ կամ ցավոտ դաշտաններ (մենոռագիա և դիսմենառեա)
- ֆիբրոիդ (արգանդի միոմա), երբ ձեր արգանդի մկանների մի մասը դառնում է գերաճած:
Հիստերէկտոմիան կարող է բուժել կամ բարելավել ձեր ախտանիշները: Վիրահատությունից հետո դուք այլևս դաշտան չեք ունենա:
Կա՞ արդյոք հիստերէկտոմիային որևէ այլընտրանք
- Ձեր ախտանիշները գուցե բարելավվեն կոնքի հատակի մկաններն ամրապնդող (Կեգելի) վարժություններով:
- Առատ դաշտանները կարող են բուժվել տարբեր ոչ հորմոնային և հորմոնային օրալ (ներքին ընդունման կամ խմելու ձևով) դեղերով: Այլ այլընտրանքներից են ներարգանդային համակարգերը՝ սինթետիկ պրոգեստերոն (պրոգեստին) պարունակող և արգանդի խոռոչում տեղադրվող միջոցներ կամ «կոնսերվատիվ վիրահատություն», երբ հեռացվում է միայն արգանդի լորձաթաղանթը:
- Կախված արգանդի ֆիբրոիդների (միոմաների) չափսերից և տեղակայումից, ձեզ կարող են նշանակել դեղամիջոցներ՝ ուղղված ախտանիշների կառավարմանը: Այլ բուժումներից են միայն ֆիբրոիդների հեռացումը (միոմէկտոմիա) կամ ֆիբրոիդի չափսի կրճատում այն սնուցող արգանդային զարկերակի էմբոլիզացիայի միջոցով:
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրահատությունը սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո, սակայն ձեզ կարող են առաջարկել նաև անզգայացման այլ տեսակներ: Վիրահատությունը սովորաբար տևում է մոտ 60 րոպե:
Գինեկոլոգը կատարում է որովայնի վրա լայնական կտրվածք, սովորաբար՝ ձեր «բիկինիի» գծով կամ դրանից ավելի վերև:
Այնուհետև գինեկոլոգը շերտ առ շերտ հատելով մաշկի տակ ընկած հյուսվածքները՝ հասնում է ձեր արգանդին և հեռացնում այն փողերի հետ միասին, սովորաբար՝ նաև հատելով և հեռացնելով նաև վզիկը: Նման դեպքում կտրվածքը կատարվում է ձեր հեշտոցի վերին՝ գագաթի մակարդակում:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- անառողջ լինելու զգացում
- արյունահոսություն
- որովայնի մաշկի սպիական տգեղացում
- վիրահատական սպիից հետվիրահատական ճողվածքի առաջացում
- վիրահատական շրջանի (վերքի) վարակ
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- փոքր կոնքի օրգանների վարակ կամ աբսցես
- հեշտոցային մանժետի անբավարարություն
- ախտաբանական հաղորդակցության զարգացում (խուղակ կամ ֆիստուլա) ձեր հաստ աղու, միզապարկի կամ միզածորանների և հեշտոցի միջև
- արգանդին մոտ գտնվող կառուցվածքների վնասում
- որովայնի խոռոչում արյան կուտակում (հեմատոմա):
Երկարաժամկետ խնդիրներ
- արտանկման առաջացնում (պրոլափս)
- արգանդի վզիկից շարունակվող արյունահասություն
- ձեր ցավերը կարող են շարունակվել
- սեռական հարաբերության դժվարություն կամ ցավոտություն
- հյուսվածքների միմյանց միաձուլման խախտումներ (կպումներ)
- հաճախամիզություն, միզելու անվերահսկելի ցանկություն կամ մեզի ինքնաբուխ արտահոսք, երբ ֆիզիկական գործ եք անում, ծիծաղում եք, հազում կամ փռշտում եք
- կորուստի զգացում, քանի որ հիստերէկտոմիան ձեզ դարձնում է անպտղունակ
- դաշտանադադար:
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ, եթե գինեկոլոգը որոշի, որ ձեր առողջական վիճակը բավարար է. սա սովորաբար տեղի է ունենում վիրահատությունից 3-5 օր անց:
Տանը 2 շաբաթվա ընթացքում ձեզ համար ապահովեք հանգիստ պայմաններ, որից հետո շարունակեք հիվանդանոցում ձեզ ներկայացված վարժությունները:
Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ դրա համար բավարար լավ եք զգում (սովորաբար 6-8 շաբաթ անց՝ կախված ձեր աշխատանքի բնույթից): Ձեր զգացողությունները համեմատաբար նորմալանում են մոտ 3 ամիս անց:
Կանոնավոր վարժանքները պետք է, որ օգնեն ձեզ նախկին ակտիվությունը հնարավորինս շուտ վերականգնելու գործին: Մինչև վարժանքներ սկսելը, զրուցեք ձեր բժշկի հետ:
Բազմաթիվ կանանց մոտ հետվիրահատական վերականգնումն անցնում է առանց բարդությունների, և նրանք վերադառնում են իրենց նախկին գործերին:
Ամփոփում
Հիստերէկտոմիան մեծ վիրահատություն է, որը սովորաբար խորհուրդ է տրվում, երբ ավելի հասարակ բուժումները բավարար արդյունքներ չեն տալիս: Ձեր ախտանիշները վիրահատությունից հետո պետք է բարելավվեն:
Լրացուցիչ տեղեկատվություն
Հիտերէկտոմիայի մասին
Այցելե՛ք Մեդեքսի հիստերէկտոմիայի էջը, որպեսզի ծանոթանաք այս վիրահատության տարբեր տեսակների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 28-04-2024