Այս էջում ձեզ կներկայացվի լապարոսկոպիկ հիստերէկտոմիայի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր, ապա դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:
Ի՞նչ է հիստերէկտոմիան
Հիստերէկտոմիան ձեր արգանդի հեռացման վիրահատություն է: Արգանդի վզիկը (պարանոց) սովորաբար նույնպես հեռացվում է: Ձեր ֆալոպյան փողերը և ձվարանները նույնպես կարող են նույն վիրահատությամբ միաժամանակ հեռացվել:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Հիստերէկտոմիայի ավելի հաճախ հանդիպող պատճառներից են (ցուցումներ)՝
- առատ կամ ցավոտ դաշտաններ (մենոռագիա և դիսմենառեա), որոնք այլ բուժումներով չեն վերահսկվում
- ֆիբրոիդ (արգանդի միոմա), երբ ձեր արգանդի մկանների մի մասը գերաճում է:
Հիստերէկտոմիան կարող է բուժել կամ բարելավել ձեր ախտանիշները: Վիրահատությունից հետո դուք այլևս դաշտան չեք ունենա:
Կա՞ արդյոք հիստերէկտոմիային որևէ այլընտրանք
- Ձեր ախտանիշները գուցե բարելավվեն կոնքի հատակի մկաններն ամրապնդող (Կեգելի) վարժություններով:
- Առատ դաշտանները կարող են բուժվել տարբեր ոչ հորմոնային և հորմոնային օրալ (ներքին ընդունման կամ խմելու ձևով) դեղերով: Այլ այլընտրանքներից են ներարգանդային համակարգերը՝ սինթետիկ պրոգեստերոն (պրոգեստին) պարունակող և արգանդի խոռոչում տեղադրվող միջոցներ կամ «կոնսերվատիվ վիրահատություն», երբ հեռացվում է միայն արգանդի լորձաթաղանթը:
- Կախված արգանդի ֆիբրոիդների (միոմաների) չափսերից և տեղակայումից, ձեզ կարող են նշանակել դեղամիջոցներ՝ ուղղված ախտանիշների կառավարմանը: Այլ բուժումներից են միայն ֆիբրոիդների հեռացումը (միոմէկտոմիա) կամ արգանդային զարկերակի էմբոլիզացիան, որի նպատակը ֆիբրոիդների արյունամատակարարումը կրճատելն է (որն էլ բերում է դրանց աճի դադարեցման):
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրահատությունը սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո, սակայն ձեզ կարող են առաջարկել նաև անզգայացման այլ տեսակներ: Վիրահատությունը սովորաբար տևում է մոտ 90 րոպե:
Գինեկոլոգը կատարում է փոքր կտրվածք, սովորաբար՝ ձեր պորտի մոտակայքում, որպեսզի այդ բացվածքից ձեր որովայնքի խոռոչ ներմուծի հատուկ գործիք և ներփչի գազ՝ ածխածնի երկօքսիդ (ածխաթթու գազ): Լցվելով որովայնի խոռոչ, այս գազը գմբեթի նման որովայնի պատը բարձրացնում է ներքին օրգանների վրայից և ապահովում վիրահատական գողծողություն իրականացնելու համար բավականաչափ տեսանելիություն և տարածություն:
Այնուհետև գինեկոլոգը ձեր որովայնի պատին կատարում է մի քանի փոքր կտրվածքներ ևս, որոնցով ներմուծում է խողովակաձև հատուկ գործիքներ` լապարոսկոպներ: Լապարոսկոպը կազմված է ոսպնյակ ունեցող տելեսկոպիկ խողովակից, որը սովորաբար կցվում է տեսախցիկին: Ժամանակակից լապարոսկոպները հագեցված են թվային մատրիցաներով և ապահովում են պատկերի բարձր որակ: Խողովակը միացված է նաև օպտիկական մալուխին՝ լուսավորված «սառը» լույսի աղբյուրից (հալոգենային կամ քսենոնային լամպ)։ Այս մեթոդով գինեկոլոգը կարողանում է տեսնել ձեր ներքին օրգանները և կատարել նախատեսված վիրահատությունը:
Գինեկոլոգը որոշ գործիքներ է ներմուծում նաև ձեր հեշտոցի մեջ, որպեսզի օգնի արգանդի հեռացմանը: Վերջինս իրականացվում է՝ կտրվածքներ կատարելով արգանդի պարանոցի շուրջը՝ հեշտոցի վերևում: Նման եղանակով հեռացվում է արգանդը՝ թողնելով հեշտոցը (կոչվում է արգանդի վերհեշտոցային հեռացում):
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- անառողջ լինելու զգացում
- արյունահոսություն
- վիրահատական շրջանի (վերքի) վարակ
- վիրահատական սպիից հետվիրահատական ճողվածքի առաջացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում
- մաշկի սպիական տգեղացում:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
Հիմնական վիրաբուժական բարդությունները
- վիրահատական էմֆիզեմա
- այլ կառուցվածքների վնասում, օրինակ՝ հաստ աղիներ, միզապարկ կամ արյունատար անոթներ
- ճողվածքների զարգացում (լապարոսկոպիկ խողովակների ներմուծման համար կատարված կտրվածքների շրջակայքում)
- վիրահատական ընթացիկ մեթոդի փոփոխություն և անցում որովայնային (աբդոմինալ) հիստերէկտոմիայի:
Հիստերէկտոմիայի բարդությունները
- փոքր կոնքի օրգանների վարակ կամ աբսցես
- արգանդին մոտ գտնվող կառուցվածքների վնասում
- ախտաբանական հաղորդակցության զարգացում (խուղակ կամ ֆիստուլա)
- որովայնի խոռոչում արյան կուտակում (հեմատոմա)
- հեշտոցային մանժետի անբավարարություն:
Երկարաժամկետ խնդիրներ
- արտանկման առաջացնում (պրոլափս)
- արգանդի վզիկից շարունակվող արյունահասություն
- ցավերի շարունակություն
- սեռական հարաբերության դժվարություն կամ ցավոտություն
- հյուսվածքների միմյանց միաձուլման խախտումներ (կպումներ)
- հաճախամիզություն, միզելու անվերահսկելի ցանկություն կամ մեզի ինքնաբուխ արտահոսք, երբ ֆիզիկական գործ եք անում, ծիծաղում եք, հազում կամ փռշտում եք
- կորուստի զգացում, քանի որ հիստերէկտոմիան ձեզ դարձնում է անպտղունակ
- դաշտանադադար:
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ, եթե գինեկոլոգը որոշի, որ ձեր առողջական վիճակը բավարար է. սա սովորաբար տեղի է ունենում վիրահատությունից մի քանի օր անց:
Տանը 2 շաբաթվա ընթացքում ձեզ համար ապահովեք հանգիստ պայմաններ, որից հետո շարունակեք հիվանդանոցում ձեզ ներկայացված վարժությունները:
Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ դրա համար բավարար լավ եք զգում (սովորաբար 4-6 շաբաթ անց՝ կախված ձեր աշխատանքի բնույթից): Ձեր զգացողությունները համեմատաբար նորմալանում են մոտ 2-3 ամիս անց:
Կանոնավոր վարժանքները պետք է, որ օգնեն ձեր նախկին ակտիվությունը հնարավորինս շուտ վերականգնելու գործին: Մինչև վարժանքներ սկսելը, զրուցեք ձեր բժշկի հետ:
Բազմաթիվ կանանց մոտ հետվիրահատական վերականգնումն անցնում է առանց բարդությունների, և նրանք վերադառնում են իրենց նախկին գործերին:
Ամփոփում
Հիստերէկտոմիան մեծ վիրահատություն է, որը սովորաբար խորհուրդ է տրվում, երբ ավելի հասարակ բուժումները բավարար արդյունքներ չեն տալիս: Ձեր ախտանիշները վիրահատությունից հետո պետք է բարելավվեն:
Լրացուցիչ տեղեկատվություն
Հիտերէկտոմիայի մասին
Այցելե՛ք Մեդեքսի հիստերէկտոմիայի էջը, որպեսզի ծանոթանաք այս վիրահատության տարբեր տեսակների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2020
Վերջին վերանայում՝ 27-04-2024