Հետանցքի ճաք
27-05-2019
3 րոպե

Եթե դուք զուգարանից օգտվելիս զուգարանի թղթի վրա, կղանքում կամ զուգարանակոնքում նկատում եք թարմ արյան հետքեր, հետանցքի շրջանում ունեք ցավեր կամ տհաճ զգացողություն, ապա ամենայն հավանականությամբ ձեզ մոտ առաջացել է հետանցքի ճաք:
Հետանցքի ճաքը խիստ անհարմարավետություն (դիսկոմֆորտ) առաջացնող վիճակ է, սակայն այն սովորաբար ապաքինվում է, եթե դուք ձեր սննդակարգում կատարեք որոշ փոփոխություններ և հետևեք բժշկի նշանակումներին:
Ի՞նչ են հետանցքի ճաքերը
Հետանցքի ճաքը հետանցքը շրջապատող մաշկի ամբողջականության փոքր կտրված կամ պատռված տիպի խախտումն է: Մակերեսային և փոքր ճաքերը մի քանի շաբաթում ինքնուրույն լավանում են: Եթե ճաքը նորմալ ընթացքով չի ապաքինվում, կարող է առաջանալ խոց (ուշ լավացող վերք): Չլավացող ճաքի ամենատարածված պատճառը հետանցքի ներքին սեղմանի (սֆինկտեր) սպազմն է, որը հանգեցնում է լորձաթաղանթի արյան մատակարարման խանգարման:
Հետանցքի ճաքերը շատ տարածված են և կարող են հանդիպել երկու սեռերի բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել տարածված են 15-ից 40 տարեկանների մոտ:
Հետանցքի ճաքի պատճառները
Հետանցքի ճաքերի մեծ մասը պատճառվում է այդ շրջանի վնասվածքներից, սովորաբար, երբ ուղիղ աղու լորձաթաղանթը լայնանում է ավելի շատ, քան ձգման հնարավորությունն է (կղանքի մեծ կամ պնդացած զանգվածի դատարկում): Հետանցքի ճաքի այլ պատճառներից են՝
- փորկապություն
- փորլուծություն
- հետանցքի վնասվածք
- հղիություն կամ ծննդաբերություն (ծննդաբերական վնասվածքներ)
- Կրոնի հիվանդություն:
Հետանցքի ճաքն այն շրջապատող մաշկի փոքր բարակ պատռվածքն է կամ ամբողջականության խախտումը (դեֆեկտ):
Կան հետանցքի ճաքի այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներ, օրինակ՝
- ուղիղ աղիքի քաղցկեղ
- ՄԻԱՎ
- տուբերկուլոզ
- սիֆիլիս
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ), օրինակ՝ սեռական հերպես:
Տարեցների մոտ հետանցքի ճաքերը առաջանում են այդ շրջանի արյունամատակարարման խանգարման պատճառով:
Հետանցքի ճաքերի ախտանիշները
Հետանցքի ճաքը կարող է առաջացնել հետևյալ նշաններն ու ախտանիշները՝
- աղիները գործելու ընթացքում կամ հետո հետանցքի շրջանի ցավ, որը կարող է շարունակվել մինչև մի քանի ժամ
- հետանցքի շրջանում սպազմի՝ ձգվածության կամ լարվածության զգացում
- զուգարանի թղթին քսված, զուգարանակոնքի մեջ, ներքնաշորերին կամ կղանքում թարմ արյուն
- հետանցքի շրջանի քոր
- հետանցքի շրջանում բարակ ճաք, վերք կամ խոց:
Հետանցքի ճաքերի ախտորոշումը
Հետանցքի ճաքի առկայությունը կարող է հաստատել բժիշկը՝ զննելով ձեր հետանցքի շրջանը:
Բուժում և ինքնօգնություն
Կա հետանցքի ճաքերի բուժման երեք մոտեցում՝
- կոնսերվատիվ բուժում
- բոտոքս
- վիրահատություն:
Կոնսերվատիվ բուժումը սովորաբար արդյունավետ է, եթե շարունակվում է 1-2 ամսվա ընթացքում: Այն կարող է ներառել՝
- սննդակարգում բջջանքով հարուստ սննդատեսակների ներառում և ջրի առատ խմում, որը կարող է փափկացնել աղիների պարունակությունը, մեղմացնել աղիները գործելուն ուղեկցող ցավը և թուլացնել սպազմը
- տաք լոգանք և հետանցքի շուրջբոլորը մաշկի օրական 2 անգամ օծում մկանային սպազմը հանող որևէ կրեմով (օրինակ՝ 0,2% տեղային կիրառման նիտրոգլիցերին)
- ըստ անհրաժեշտության ցավամոքիչ դեղերի ընդունում, օրինակ՝ Պարացետամոլ:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև նստած բուժիչ լոգանքներ, տեղային ցավազրկողներ և ըստ անհրաժեշտության՝ լուծողականներ:
Բոտոքսը (բոտուլոտոքսին) քիմիական նյութ է, որը ներարկում են հետանցքի ներքին սեղմանի (սֆինկտեր) մեջ: Մեկ ներարկումը կարող է ազդել մինչև 2-3 ամիս, որի ընթացքում այդ մկանները թուլանում են՝ նպաստավոր պայման ստեղծելով ճաքի ապաքինման համար:
Վիրահատությունը (սֆինկտերէկտոմիա) իրենից ներկայացնում է հետանցքի ներքին սեղմանի փոքր կտրվածք, որն անցկացնում է մկանային սպազմը:
Հետանցքի ճաքերի կանխարգելումը
Դուք կարող եք կանխարգելել ճաքերի առաջացումը հետևյալ միջոցառումներով՝
- պահպանելով բջջանքով հարուստ սննդակարգ
- կանոնավոր կերպով զբաղվելով ֆիզիկական վարժանքներով
- առատ ջուր խմելով:
Այս բոլորը նպաստում են ձեր աղիքների առողջ վիճակի պահպանմանը և կանխարգելում փորկապությունը:
Կարևոր է նաև, որպեսզի աղիները դատարկելուց հետո հետանցքի շրջանը սրբվի նուրբ և խոնավ անձեռոցիկով կամ պարզապես լվացվի սովորական ջրով:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր կղանքում, զուգարանի թղթի վրա կամ ներքնաշորերին նկատում եք թարմ արյան հետքեր կամ աղիները գործելիս ունեք հետանցքի շրջանի սուր ցավեր:
Հոդվածը վերանայվել է՝ 23-06-2021