Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կհարցնի ձեր հիվանդության պատմության մասին և կկատարի ֆիզիկական քննություն (բուժզննում), այդ թվում՝ հետանցքային (անալ) շրջանի նուրբ զննում:
Հաճախ պատռվածքն անզեն աչքով տեսանելի է։ Սովորաբար այս քննությունն այն ամենն է, ինչ անհրաժեշտ է հետանցքային ճաքն ախտորոշելու համար:
Վերջերս առաջացած, սուր հետանցքային ճաքը նման է թարմ պատռվածքի՝ նման թղթի կտրվածքին: Երկար ժամանակ շարունակվող վիճակը, որը նաև կոչվում է քրոնիկ հետանցքային ճաք, ամենայն հավանականությամբ, ավելի խորը պատռվածք է: Այն կարող է ունենալ նաև ներքին կամ արտաքին մսոտ գերաճեր: Ճաքը համարվում է քրոնիկ, եթե տևում է ավելի քան ութ շաբաթ:
Ճաքի գտնվելու վայրը հուշում է դրա պատճառի մասին: Ճաքը, որն առաջանում է հետանցքի բացվածքի կողքին, այլ ոչ թե ետևի կամ առջևի մասում, ավելի հավանական է, որ լինի մեկ այլ խանգարման ախտանիշ, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք ունեք հետանցքի ճաք առաջացնող հիմնական հիվանդություն: Հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Անոսկոպիա. անոսկոպը խողովակավոր գործիք է, որը տեղադրվում է հետանցքի մեջ, որ օգնի ձեր բժշկին տեսողական զննել ձեր ուղիղ աղիքը և հետանցքը:
- Ճկուն սիգմոիդոսկոպիա. ձեր բժիշկը բարակ, ճկուն խողովակը՝ ազատ ծայրին լուսավորող փոքրիկ տեսախցիկով ներմուծում է ձեր հաստ աղիքի ստորին հատված: Այս հետազոտությունը կարող է նշանակվել, եթե դուք 45 տարեկանից փոքր եք և չունեք աղիքային հիվանդությունների կամ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի գործոններ:
- Կոլոնոսկոպիա. այս հետազոտության ժամանակ ձեր ուղիղ աղիքով ներմուծվում է ճկուն խողովակ՝ ձեր ամբողջ հաստ աղիքը տեսողական զննելու համար: Կոլոնոսկոպիա կարող է առաջարկվել, եթե դուք՝
- 45 տարեկանից մեծ եք
- ունեք հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի գործոններ
- ունեք այլ հիվանդությունների ու վիճակների ախտանիշներ
- ունեք այլ ախտանիշներ, ինչպիսիք են ստամոքսի ցավը կամ փորլուծությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024