Բրոնխիտ
Բրոնխիտը թոքերի հիմնական շնչուղիների՝ բրոնխների լորձաթաղանթի բորբոքումն է:
Բրոնխիտի պատճառ կարող են դառնալ վիրուսները, բակտերիաները կամ ծուխը և փոշին շնչելը: Հիվանդությունը կարող է ստանալ սուր կամ քրոնիկ ընթացք:
Սուր բրոնխիտը սովորաբար առաջանում է վիրուսային վարակի պատճառով (օրինակ՝ ՍՇՎՎ կամ գրիպի վիրուս): Վիրուսային սուր բրոնխիտը տևում է շաբաթներ և լիարժեք բուժման դեպքում բոլոր գանգատները ժամանակի ընթացքում անհետանում և այլևս չեն կրկնվում:
Քրոնիկ բրոնխիտն ընթանում է ամիսներ շարունակ և ունի հաճախակի (տարին մեկ) սրացումների հակում: Քրոնիկ բրոնխիտի դեպքերի մեծ մասն ուղղակիորեն կապված է ծխախոտի օգտագործման հետ:
Եթե դուք կասկածում եք, որ ունեք բրոնխիտ, դիմեք ձեր բժշկին:
Բրոնխիտի ախտանիշները
Բրոնխիտով հիվանդը կարող է նշել հետևյալ գանգատները՝
- հազ (չոր կամ խորխով)
- շնչառությանն ուղեկցող «սուլող» աղմուկներ (խզզոցներ)
- մկանացավեր և հոդացավեր (մարմնի կոտրտվածության զգացում)
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում
- օդի պակասի զգացում, ծանր դեպքերում՝ նաև հևոց
- կրծքավանդակի «հոգնածության» զգացում։
Որո՞նք են բրոնխիտի բարձր ռիսկի խմբերը
Բրոնխիտով հիվանդանալու նկատմամբ բարձր ռիսկի խմբերն են՝
- բարձր տարիքով մարդիկ
- գրգռիչ քիմիական նյութեր շնչող մարդիկ
- ծխողներ
- թոքային հիվանդություններով մարդիկ (օրինակ՝ ասթմա)
- ցածր իմունիտետով (դիմադրողականությամբ) մարդիկ:
Դուք կարող եք նվազեցնել բրոնխիտով հիվանդանալու ռիսկը՝ հետևելով անձնական հիգիենայի կանոններին (օրինակ՝ ձեռքերի լվացում) և հրաժարվելով ծխախոտից (եթե ծխող եք):
Արդյոք բրոնխիտը վարակի՞չ է
Ավելի հաճախ բրոնխիտի պատճառ կարող են լինել վարակիչ վիրուսները, որոնք կարող են տարածվել օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդուց առողջին փոխանցվելով հազալիս, փռշտալիս, ինչպես նաև տարբեր առարկաների մակերեսներից (սպասք, սրբիչ):
Ձեռքերը լվանալը, հազալիս կամ փռշտալիս բերանը փակելը, բնակարանը հաճախակի օդափոխելը և տանը մնալը կարող են զգալիորեն նվազեցնել վարակի տարածումը:
Արդյոք ես ունե՞մ ռենտգեն հետազոտության կարիք
Բրոնխիտն ախտորոշելու համար, հատկապես ստանդարտ դեպքերում, կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը նպատակահարմար չէ:
Բրոնխիտի բուժումը
Հազը և բրոնխիտի մյուս ախտանիշները կարելի է թեթևացնել հետևյալ միջոցառումներով՝
- գոլորշու ինհալացիա կամ տաք ցնցուղը բացած վիճակում լոգարանում մնալը (ոչ ցնցուղի տակ)
- ծխախոտի ծխից և այլ գրգռիչներից խուսափում
- մեծ քանակով հեղուկների ընդունում
- ստանդարտ ցավազրկողներ՝ արտահայտված մկանացավերի դեպքում (օրինակ՝ Պարացետամոլ) (անպայման ծանոթացեք ներդիրին)
- քնելուց առաջ՝ մեկ թեյի գդալ մեղր (կարելի է նաև գոլ ջրով):
Հակահազային դեղերը կարող են լինել օգտակար կամ ոչ արդյունավետ:
Եթե կարծում եք, որ ձեր ինքնազգացողությունը ժամանակի ընթացքում չի բարելավվում կամ ավելի է վատթարանում, անպայման դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը վերանայվել է՝ 16-02-2021