Ձեր բժիշկը, հավանաբար, կկատարի ֆիզիկական քննություն (բուժզննում) և հարցեր կտա ձեր անձնական և ընտանեկան բժշկական պատմության վերաբերյալ (անամնեզ):
Բժիշկը նաև ձեզ կհարցնի, թե երբ են առաջանում ձեր ախտանիշները, օրինակ՝ արդյոք ֆիզիկական գործն առաջացնում է ձեր հևոցը: Եթե ձեր բժիշկը կարծում է, որ ունեք կարդիոմիոպաթիա, ախտորոշումը հաստատելու համար կարող են առաջարկվել մի քանի հետազոտություններ:
- Կրծքավանդակի ռենտգեն. սրտի պատկերը ցույց կտա, թե արդյոք այն մեծացել է:
- Էխոսրտագրություն. այս հետազոտությունը ձայնային ալիքների միջոցով ստեղծում է սրտի պատկերներ, որոնք ցույց են տալիս նրա չափն ու կծկվելիս շարժումները: Այս հետազոտությունը ստուգում է սրտի փականները և օգնում է պարզելու ախտանիշների պատճառը:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). այս ոչ ինվազիվ հետազոտության ժամանակ կպչուն էլեկտրոդները կցվում են մաշկին՝ սրտի էլեկտրական ազդանշանները չափելու համար: ԷՍԳ-ն կարող է ցույց տալ սրտի էլեկտրական գործունեության խանգարումները, որոնք կարող են հայտնաբերել սրտի անկանոն ռիթմերը և վնասման հատվածները:
- Տրեդմիլ սթրես թեստ. սրտի ռիթմը, արյան ճնշումը և շնչառությունը վերահսկվում են վազքուղու վրա քայլելիս: Այս թեստը կարող է գնահատել ախտանիշները, որոշել ֆիզիկական ծանրաբեռնվածության կարողությունը և այն, թե արդյոք ֆիզիկական վարժանքն առաջացնում է սրտի անկանոն ռիթմ:
- Սրտի կաթետերիզացիա. բարակ խողովակը (կաթետեր) ներմուծվում է աճուկով և արյունատար անոթների միջով անցկացվում մինչև սիրտ: Սրտի խոռոչներում ճնշումը կարող է չափվել՝ տեսնելու, թե ինչ ուժով է արյունը մղում սրտի միջով: Գունանյութը (կոնտրաստ) կարող է ներարկվել կաթետերի միջոցով, որ սրտի արյունատար անոթներն ավելի տեսանելի լինեն ռենտգենով (կորոնարոգրաֆիա): Սրտի կաթետերիզացումը կարող է բացահայտել սրտի պսակային զարկերակների խցանումները: Այս հետազոտությունը նաև կարող է ներառել սրտից հյուսվածքային փոքր նմուշի հեռացում՝ լաբորատոր անալիզի համար (բիոպսիա):
- Սրտի ՄՌՏ. սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործում է մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ՝ սրտի պատկերներ ստեղծելու համար: Բժիշկը կարող է նշանակել սրտի ՄՌՏ, եթե էխոսրտագրության պատկերներն ախտորոշման համար բավարար չեն:
- Սրտային ԿՏ սքանավորում. Սրտի համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) ներառում է սեղանի վրա պառկելը բլիթաձև մեքենայի ներսում: Մեքենայի ներսում գտնվող ռենտգենյան խողովակը պտտվում է մարմնի շուրջը և հավաքում է սրտի և կրծքավանդակի ռենտգեն պատկերները՝ գնահատելու սրտի չափն ու գործառույթը և սրտի փականների վիճակն ու աշխատանքը:
- Արյան թեստեր. արյան մի քանի թեստեր կարող են կատարվել, այդ թվում՝ երիկամների, վահանաձև գեղձի և լյարդի գործունեությունը ստուգելու և երկաթի մակարդակը չափելու համար: Արյան թեստերից մեկը կարող է չափել B-տիպի նատրիուրետիկ պեպտիդը (BNP), որը սրտում արտադրվող սպիտակուց է: Արյան մեջ BNP-ի մակարդակը կարող է բարձրանալ սրտային անբավարարության ժամանակ, որը կարդիոմիոպաթիայի ընդհանուր բարդություն է:
- Գենետիկ թեստավորում կամ սկրինինգ. կարդիոմիոպաթիան կարող է փոխանցվել ընտանիքներով (բնածին): Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք գենետիկ թեստավորումը ճիշտ է ձեզ համար: Ընտանեկան սքրինինգը կամ գենետիկ թեստը կարող են ներառել առաջին կարգի հարազատներին՝ ծնողներին, քույրերին, եղբայրներին և երեխաներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024