Կարդիոմիոպաթիան վերջնական բուժում չունի, սակայն առկա բուժումները կարող են հեշտացնել ձեր կյանքը և բարելավել ապրելիությունը:
Կարդիոմիոպաթիայի բուժման նպատակներն են՝
- կառավարել գանգատները և ախտանիշները
- կանխել վիճակի վատթարացումը
- նվազեցնել բարդությունների ռիսկը:
Բուժման տեսակը կախված է կարդիոմիոպաթիայի տեսակից և ծանրության աստիճանից:
Դեղորայքային բուժում
Կարդիոմիոպաթիայի բուժման մեջ օգտագործվում են բազմաթիվ տարբեր տեսակի դեղամիջոցներ: Կարդիոմիոպաթիայի համար նախատեսված դեղամիջոցները կարող են օգնել՝
- բարելավելու արյան մղման սրտի ունակությունը
- բարելավելու արյան հոսքը
- նվազեցնելու արյան ճնշումը
- դանդաղեցնելու սրտազարկը
- օրգանիզմից հեռացնելու ավելորդ հեղուկը
- կանխարգելելու արյան մակարդուկների առաջացումը (թրոմբ):
Թերապիաներ
Կարդիոմիոպաթիայի կամ առիթմիայի բուժման համար օգտագործվող ոչ դեղորայքային միջամտությունները ներառում են հետևյալը:
- Միջնապատի (սեպտալ) աբլացիա. հաստացած սրտամկանի մի փոքր մասը ոչնչացվում է այդ հատվածը արյուն մատակարարող զարկերակի մեջ երկար, բարակ խողովակի (կաթետերի) միջոցով ալկոհոլ ներարկելու միջոցով: Սա բարելավում է սրտի խոռոչներով արյան հոսքը:
- Ռադիոհաճախական աբլացիա. սրտի անկանոն ռիթմերը բուժելու համար բժիշկները երկար, ճկուն խողովակները (կաթետերներ) արյունատար անոթներով ուղղորդում են դեպի սիրտ: Կաթետերի ծայրերում գտնվող էլեկտրոդները էներգիա են փոխանցում՝ վնասելու սրտի հյուսվածքի մի փոքր կետ, որն առաջացնում է սրտի անկանոն ռիթմ (առիթմիա):
Վիրահատություն կամ այլ միջամտություններ
Մի քանի տեսակի սարքեր կարելի է վիրահատական ճանապարհով տեղադրել սրտի մեջ՝ բարելավելու դրա գործառույթը և թեթևացնելու ախտանիշները:
- Իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (ICD). այս սարքը վերահսկում է սրտի ռիթմը և անհրաժեշտության դեպքում էլեկտրական շոկ է հաղորդում սրտի անկանոն ռիթմը վերահսկելու համար: ICD-ն չի բուժում կարդիոմիոպաթիան, այն ավելի շուտ հետևում և վերահսկում է անկանոն ռիթմերը, ինչն այս վիճակի լուրջ բարդություն է:
- Փորոքային օժանդակ սարք (VAD). սա օգնում է սրտով արյան հոսքը: VAD-ը սովորաբար դիտարկվում է այն բանից հետո, երբ ավելի քիչ ինվազիվ մոտեցումներն անհաջող են: Այն կարող է օգտագործվել որպես երկարաժամկետ կամ կարճաժամկետ բուժում՝ սպասելով սրտի փոխպատվաստմանը:
- Ռիթմավար (փեյսմեյքեր). կրծքավանդակի կամ որովայնի մաշկի տակ տեղադրված այս փոքրիկ սարքն օգտագործում է էլեկտրական ազդակներ՝ առիթմիաները վերահսկելու համար:
Կարդիոմիոպաթիայի բուժման համար օգտագործվող վիրահատությունների տեսակները ներառում են հետևյալը:
- Միջնապատային մկանահատում (սեպտալ միոմէկտոմիա). այս բաց սրտի վիրահատության ժամանակ վիրաբույժը հեռացնում է սրտամկանի հաստացած պատի (միջնապատի) մի մասը, որը բաժանում է սրտի ստորին երկու խոռոչները (փորոքները): Սրտամկանի մի մասի հեռացումը բարելավում է արյան հոսքը սրտով և նվազեցնում միտրալ փականի անբավարարությունը: Սեպտալ միոմէկտոմիան օգտագործվում է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի բուժման համար:
- Սրտի փոխպատվաստում. սրտի փոխպատվաստումը կարող է լինել փրկության միջոց վերջին փուլի սրտային անբավարարություն ունեցող մարդկանց համար, որոնց դեղամիջոցներն ու այլ բուժումներն այլևս չեն օգնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024