Խոլեցիստէկտոմիան լեղապարկի հեռացման վիրահատություն է:
Այն սովորաբար կատարվում է լապարոսկոպիկ եղանակով, երբ փոքր տեսախցիկը և վիրահատական գործիքները որովայնի խոռոչ են մտցվում 4 փոքր անցքերով:
Ինչո՞ւ է այս միջոցառումը կատարվում
Լեղապարկը փոքր օրգան է, որը նստած է ձեր որովայնի աջ մասում անմիջապես լյարդի տակ: Այն լյարդից հավաքում և իր խոռոչում պահպանում է լեղի, որն օգտագործվում է աղիներում մարսողության ժամանակ:
Երբեմն լեղապարկը խցանվում է լեղային քարերով, որոնք առաջանում են լեղու մեջ և կարող են առաջացնել ցավ, փքվածություն, սրտխառնոց և փսխում: Այլ բարդություններ ևս կարող են զարգանալ, ներառյալ՝ լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ), ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), դեղնուկ և վարակ:
Խոլեցիստէկտոմիան և լեղապարկի հեռացումը իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո:
Երբեմն լեղային քարերը կարող են տեղարժվել և մուտք գործել ընդհանուր լեղածորան: Լեղածորանները խողովակներ են, որոնք լյարդից լեղին անցկացնում են տեպի լեղապարկ, իսկ լեղապարկից՝ դեպի բարակ աղի: Խոլեցիստէկտոմիան և լեղածորանի հետազոտումը մի միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է ձեր լեղապարկը, ինչպես նաև ընդհանուր լեղածորանում առկա քարերը:
Ինչպե՞ս նախապատրաստվել միջամտությանը
Եթե դուք խոլեցիստէկտոմիայի կարիք ունեք, բժիշկ-վիրաբույժը ձեզ կխնդրի, որ վիրահատությանը նախորդող գիշերը որևէ սնունդ չօգտագործեք: Եթե ընդունում եք դեղեր, ապա դրանք պետք է խմել փոքր կում ջրով: Վիրահատությունից առնվազն 4 ժամ առաջ դուք որևէ սնունդ կամ հեղուկ պետք է չընդունեք:
Վիրաբույժը կքննարկի ձեզ հետ, թե արդյոք դուք պետք է դադարեցնեք ձեր դեղերի կամ հավելումների ընդունումը: Համոզվեք, որ ճշտորեն կատարում եք բժշկի բոլոր հրահանգները:
Բազմաթիվ մարդիկ հիվանդանոցից դուրս գրվում և տուն են վերադառնում վիրահատության օրը, սակայն այլ դեպքերում դուք պետք է մնաք հիվանդանոցում: Եթե ձեզ նույն օրն են դուրս գրում, ապա նախապես պայմանավորվեք ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, որ նա վարի ավտոմեքենան:
Ի՞նչ է տեղի ունենում վիրահատական միջամտության ժամանակ
Խոլեցիստէկտոմիաների մեծ մասը կատարվում է լապարոսկոպիկ մեթոդով, որը նշանակում է, որ վիրահատությունն իրականացվում է փոքր անցքերի միջով: Վիրաբույժը ձեր որովայնի պատին կատարում է 4 փոքր կտրվածք, որոնցից մեկով որովայնի խոռոչ է ներմուծվում լապարոսկոպիկ տելեսկոպ: Սա թույլ է տալիս ներսից դիտել որովայնի խոռոչը:
Այնուհետև մյուս անցքերով ներմուծվում են մետաղական խողովակներ: Վիրաբույժը ներփչում է ածխածնի երկօքսիդ, որի ազդեցությամբ որովայնի պատը բարձրանում է օրգանների վրայից: Այնուհետև վիրաբույժն օգտագործում է վիրաբուժական սեղմակներ, որպեսզի փակի լեղածորանները և լեղապարկը սնուցող զարկերակները, որից հետո լեղապարկը հեռացնում է որովայնի պատի անցքերին դրված խողովակներից՝ հատուկ գործիքների միջոցով:
Լեղապարկը հեռացնելուց հետո ածխածնի երկօքսիդը հեռացվում է բացվածքներով, որոնք կարվում և ծածկվում են ստերիլ վիրակապով: Որոշ սեղմակներ մնում են ձեր ներսում:
Եթե լեղապարկը խիստ բորբոքված է, առաջանում է բաց խոլեցիստէկտոմիայի անհրաժեշտություն, որը պահանջում է ձեր որովայնի վերին մասում ավելի մեծ կտրվածք:
Միջամտությունից հետո
Վերականգնման շրջանում որոշ ժամանակ դուք գտնվելու եք բուժանձնակազմի հսկողության ներքո: Սովորաբար ձեզ դուրս կգրեն 24 ժամ հետո: Այնուամենայնիվ առաջին 1-2 օրվա ընթացքում դուք կարող եք նշել ընդհանուր անզգայացման մնացորդային կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ գլխացավ, սրտխառնոց կամ փսխում, որոնք կարող են դեղերով կարգավորվել:
Վիրահատությունից հետո դուք կունենաք որովայնի շրջանի որոշ ցավեր, որոնք կվերահսկվեն ցավազրկողներով: Դուք կարող եք նաև որոշակի ցավ նշել ուսագոտու շրջանում (պատճառը վիրահատության ընթացքում օգտագործված գազն է), որը կմեղմանա, երբ սկսեք քայլել:
Ձեր ձեռքից միացված կլինի կաթիլային ներարկման համակարգ: Մինչև աստիճանաբար հեղուկներին և սննդին վերադառնալը ձեզ թույլ կտան վիրահատությունից ժամեր անց փոքր կումերով ջուր ընդունել:
Ձեր վիրահատական վերքը ծածկված է լինելու մաքուր վիրակապով, սակայն վիրաբույժը կարող է նաև վերքի կողքից թողնել բարակ խողովակ (դրենաժ), որն ապահովում է ներսում կուտակվող հեղուկների արտահոսք: Այս խողովակը սովորաբար հեռացվում է վիրահատության հաջորդ օրը: Պահեք վիրակապը մաքուր վիճակում:
Դուք սկզբում կարող եք որոշակի թուլություն և հոգնածություն զգալ: Խուսափեք ավտոմեքենա վարելուց, ծխելուց կամ ծանրություն բարձրացնելուց առաջին 7 օրվա ընթացքում: Սովորաբար լիարժեք վերականգնումը և ձեր սովորական գործերին վերադառնալը տևում է մինչև 2 շաբաթ:
Անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ առկա է՝
- վիրահատական վերքից մեծ քանակով արտադրություն
- ջերմության բարձրացում
- ցավեր, որոնք չեն վերահսկվում ցավազրկողներով
- որովայնի այտուցվածություն, լարվածություն կամ կարմրություն
- աչքերի և մաշկի դեղնություն (դեղնուկ):
Ռիսկեր
Խոլեցիստէկտոմիան անվտանգ միջամտություն է: Սակայն, ինչպես մնացած վիրահատությունները, այս դեպքում ևս առկա է որոշ բարդությունների շատ փոքր ռիսկ, որոնցից են՝
- պարկային ծորանի ծայրատից լեղու հոսք
- արյունահոսություն
- արյան մակարդուկներ
- սրտանոթային խնդիրներ
- վարակ
- այլ օրգանների վնասվածքներ
- պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)
- թոքաբորբ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Լեղապարկի հիվանդությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի լեղապարկի քարեր և լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ) էջերը, որպեսզի ծանոթանաք լեղապարկի հետ կապված առողջական խնդիրների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 01-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024