Այս էջում ձեզ կներկայացվի բաց (լապարոտոմիկ) խոլեցիստէկտոմիայի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր, ապա դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:
Ի՞նչ են լեղապարկի քարերը
Լեղապարկի քարերը ձեր լեղապարկում առաջացող «քարեր» են: Սա առողջության տարածված խնդիր է և հաճախ ունի ընտանեկան բնույթ: Լեղապարկի քարերի զարգացման ռիսկը բարձրանում է տարիքի հետ, ինչպես նաև ճարպերով հարուստ սննդակարգի դեպքում:
Որոշ դեպքերում լեղապարկի քարերն առաջացնում են սուր ախտանիշներ, որոնցից տարածված է որովայնի աջ կողմի՝ թուլատակի (կողաղեղից ներքև) շրջանի ցավերի կրկնակի նոպաները (կոչվում է լեղաքարային խիթ):
Լեղաքարային խիթը որովայնի վերին աջ հատվածի ուժգին ցավերն են, որոնք առաջանում են, երբ քարը ամբողջությամբ խցանում է լեղապարկը դատարկող լեղածորանը: Այն սովորաբար զարգանում է ուտելուց հետո, երբ լեղապարկը կծկվում է, որպեսզի լեղին արտամղի դեպի աղիներ:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Վիրահատությունը թույլ է տալիս ձերբազատվել ցավերից (95% դեպքերում) և կարգավորել սնվելը: Վիրահատությունը նաև կանխարգելում է լեղապարկի քարերի առաջացրած ծանր բարդությունները:
Կա՞ արդյոք վիրահատությանը որևէ այլընտրանք
Վիրահատությունը խորհուրդ է տրվում որպես հիվանդության պատճառը վերացնող միակ բուժում:
Հնարավոր է նաև քարերը տարալուծել կամ նույնիսկ փշրել ավելի փոքր կտորների, սակայն այս մեթոդները ներառում են տհաճ դեղեր, որոնք ունեն կողմնակի ազդեցություններ և բարձր անարդյունավետություն:
Լեղապարկի վարակները բուժելու համար օգտագործվում են հակաբիոտիկներ: Ճարպերից աղքատ սննդակարգը կարող է օգնել, որպեսզի կանխարգելվեն ցավի նոպաները:
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո և սովորաբար տևում է մոտ մեկ ժամ:
Վիրաբույժը կատարում է ձեր աջ կողաղեղից ցած կամ միջին գծով երկայնաձիգ կտրվածք: Շերտ առ շերտ էլեկտրոկոագուլյացիայի միջոցով հատելով հյուսվածքները, վիրաբույժը հասնում է ձեր լեղապարկին, մեկուսացնում այն լյարդից և հեռացնում:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- արյունահոսություն
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ
- որովայնի մաշկի սպիական տգեղացում
- վիրահատական սպիից հետվիրահատական ճողվածքի առաջացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- պարկային ծորանի ծայրատից լեղու հոսք
- ընդհանուր լեղածորանում պահպանված (ռետենցիոն) քարեր
- շարունակվող ցավ, դիսկոմֆորտ և ստամոքսաղիքային խանգարումներ (հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ)
- զուգարանից ավելի հաճախ օգտվելու կարիք (փորլուծություն)
- որովայնի լորձաթաղանթի բորբոքում (պերիտոնիտ)
- կրծքային վարակ (թոքաբորբ)
- լեղածորանի վնասում և լեղու հոսք դեպի որովայնի խոռոչ
- սարքերի, նյութերի, դեղերի կամ կոնտրաստի նկատմամբ ալերգիա
- աղիների վնասում
- աղիների շարունակվող կաթված (իլեուս), երբ դրանց գործունեությունը մի քանի օր դանդաղում կամ դադարկում է
- պանկրեատիտ, եթե քարերը ներհրվում են ընդհանուր լեղածորանի մեջ
- լյարդի և դրա հետ կապված արյունատար անոթների ծանր վնասվածք
- հյուսվածքների միմյանց միաձուլման խախտումներ (կպումներ):
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ վիրահատությունից 2-4 օր անց:
Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ դրա համար բավարար լավ եք զգում (սովորաբար 6 շաբաթ անց՝ կախված վիրահատության ծավալից և ձեր աշխատանքի բնույթից):
Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերադառնաք ձեր սովորական գործերին: Մինչև վարժանքներ սկսելը, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
Վիրահատությունից հետո լիարժեք վերականգնվելուց հետո դուք կկարողանաք անցնել ձեր նորմալ գործերին և ուտել նորմալ սնունդ:
Ամփոփում
Լեղապարկի քարերը տարածված խնդիր է: Ձեր լեղապարկի հեռացումը պետք է օգնի ցավերից ազատվելուն և նորմալ սննդակարգին անցնելուն:
Լրացուցիչ տեղեկատվություն
Լեղապարկի հիվանդությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի լեղապարկի քարեր և լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ) էջերը, որպեսզի ծանոթանաք լեղապարկի հետ կապված առողջական խնդիրների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024