Skip to main content

Լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա - Վիրահատություններ

Այս էջում ձեզ կներկայացվի լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր, ապա դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:​

Ի՞նչ են լեղապարկի քարերը

Լեղապարկի քարերը ձեր լեղապարկում առաջացող «քարեր» են: Սա առողջության տարածված խնդիր է և հաճախ ունի ընտանեկան բնույթ: Լեղապարկի քարերի զարգացման ռիսկը բարձրանում է տարիքի հետ, ինչպես նաև ճարպերով հարուստ սննդակարգի դեպքում:

Որոշ դեպքերում լեղապարկի քարերն առաջացնում են սուր ախտանիշներ, որոնցից տարածված է որովայնի աջ կողմի՝ թուլատակի (կողաղեղից ներքև) շրջանի ցավերի կրկնակի նոպաները (կոչվում է «լեղաքարային խիթ»):

Լեղաքարային խիթը որովայնի վերին աջ հատվածի ուժգին ցավերն են, որոնք առաջանում են, երբ քարը ամբողջությամբ խցանում է լեղապարկը դատարկող լեղածորանը: Այն սովորաբար զարգանում է ուտելուց հետո, երբ լեղապարկը կծկվում է, որպեսզի լեղին արտամղի դեպի աղիներ:

Լյարդի և լեղապարկի տեղադրությունը
Լյարդի և լեղապարկի տեղադրությունը

Որո՞նք են վիրահատության օգուտները

Վիրահատությունը թույլ է տալիս ձերբազատվել ցավերից (95% դեպքերում) և կարգավորել սնվելը: Վիրահատությունը նաև կանխարգելում է լեղապարկի քարերի առաջացրած ծանր բարդությունները:

Կա՞ արդյոք վիրահատությանը որևէ այլընտրանք

Վիրահատությունը խորհուրդ է տրվում որպես հիվանդության պատճառը վերացնող միակ բուժում:

Հնարավոր է նաև քարերը տարալուծել կամ նույնիսկ փշրել ավելի փոքր կտորների, սակայն այս մեթոդները ներառում են տհաճ դեղեր, որոնք ունեն կողմնակի ազդեցություններ և բարձր անարդյունավետություն:

Լեղապարկի վարակները բուժելու համար օգտագործվում են հակաբիոտիկներ: Ճարպերից աղքատ սննդակարգը կարող է օգնել, որպեսզի կանխարգելվեն ցավի նոպաները:

Ի՞նչ է վիրահատությունը ներառում

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո և սովորաբար տևում է մոտ մեկ ժամ:

Լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիան նշանակում է, որ վիրահատությունն իրականացվում է փոքր անցքերի միջով: Ի տարբերություն բաց (լապարոտոմիկ) խոլեցիստէկտոմիային, լապարոսկոպի օգտագործումը կապված է ավելի քիչ ցավերի և ավելի փոքր սպիների առաջացման հետ: Համարվում է նաև, որ լապարոսկոպիկ վիրահատությունը ավելի քիչ բարդությունների հետ է կապված, պահանջում է ավելի կարճ հիվանդանոցային բուժում և հիվանդները ավելի արագ են վերականգնվում, քան բաց խոլեցիստէկտոմիայից հետո:

Վիրաբույժը ձեր որովայնի պատին կատարում է 4 փոքր կտրվածք, որոնցից մեկով որովայնի խոռոչ է ներմուծվում լապարոսկոպիկ տելեսկոպ: Սա թույլ է տալիս ներսից դիտել որովայնի խոռոչը: Վիրաբույժը ներփչում է ածխածնի երկօքսիդ, որի ազդեցությամբ որովայնի պատը բարձրանում է օրգանների վրայից:

Այնուհետև մյուս անցքերով ներմուծվում են վիրահատական պորտեր՝ փոքր տրամագածի (5-10 մմ) գլանաձև խողովակներ, որոնք թույլ են տալիս վիրաբուժական գործիքները ներմուծել որովայնի խոռոչ

Լապարոսկոպը գործիք է, որը ծայրին ունի տեսախցիկ և լույսի աղբյուր, լուսավորում է որովայնի խոռոչը և մեծացրած պատկերը ցուցադրում էկրանին, վիրաբույժին ցույց տալով օրգանների և հյուսվածքների հստակ պատկերը: Այնուհետև վիրաբույժն օգտագործում է վիրաբուժական սեղմակներ, որպեսզի փակի (դրանցով լիգավորվի) լեղածորանները և լեղապարկը սնուցող զարկերակները, որից հետո լեղապարկը հեռացնում է պորտերի համար նախատեսված անցքերից մեկով:

Լեղապարկը հեռացնելուց հետո ածխածնի երկօքսիդը հեռացվում է բացվածքներով, որոնք կարվում և ծածկվում են ստերիլ վիրակապով: Որոշ սեղմակներ մնում են ձեր ներսում:

Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ

Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:

Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները

  • ցավ
  • արյունահոսություն
  • որովայնի մաշկի սպիական տգեղացում
  • վիրահատական սպիից հետվիրահատական ճողվածքի առաջացում
  • վիրահատական շրջանի (վերքային) վարակ
  • արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
  • արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:

Լապարոսկոպիկ վիրահատության առանձնահատուկ բարդությունները

  • որոշ կառուցվածքի վնասում, օրինակ՝ աղիներ, միզապարկ կամ արյունատար անոթներ
  • անցքերից մեկնումեկի մոտ ճողվածքի առաջացում
  • վիրաբուժական էմֆիզեմա (մաշկի տակ խրթխրթցի զգացում, որը պատճառվել է ածխածնի երկօքսիդի կուտակումից):

Խոլեցիստէկտոմիայի բարդությունները

  • պարկային ծորանի ծայրատից լեղու հոսք
  • ընդհանուր լեղածորանում պահպանված (ռետենցիոն) քարեր
  • շարունակվող ցավ, դիսկոմֆորտ և ստամոքսաղիքային խանգարումներ (հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ)
  • զուգարանից ավելի հաճախ օգտվելու կարիք (փորլուծություն)
  • որովայնի լորձաթաղանթի բորբոքում (պերիտոնիտ)
  • լեղածորանի վնասում և լեղու հոսք դեպի որովայնի խոռոչ
  • սարքերի, նյութերի, դեղերի կամ կոնտրաստի նկատմամբ ալերգիա
  • աղիների վնասում
  • կրծքային վարակ (թոքաբորբ)
  • պանկրեատիտ, եթե քարերը ներհրվում են ընդհանուր լեղածորանի մեջ
  • լյարդի և դրա հետ կապված արյունատար անոթների ծանր վնասվածք
  • հյուսվածքների միմյանց միաձուլման խախտումներ (կպումներ):

Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ

Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ վիրահատության հաջորդ օրը:

Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ դրա համար բավարար լավ եք զգում (սովորաբար 2-4 շաբաթ անց՝ կախված վիրահատության ծավալից և ձեր աշխատանքի բնույթից):

Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերադառնաք ձեր սովորական գործերին: Մինչև վարժանքներ սկսելը, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:

Վիրահատությունից հետո լիարժեք վերականգնվելուց հետո դուք կկարողանաք անցնել ձեր նորմալ գործերին և ուտել նորմալ սնունդ:

Ամփոփում

Լեղապարկի քարերը տարածված խնդիր է: Ձեր լեղապարկի հեռացումը պետք է օգնի ցավերից ազատվելուն և նորմալ սննդակարգին անցնելուն:

Լրացուցիչ տեղեկատվություն

Լեղապարկի հիվանդությունների մասին

Այցելե՛ք Մեդեքսի լեղապարկի քարեր և լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ) էջերը, որպեսզի ծանոթանաք լեղապարկի հետ կապված առողջական խնդիրների մասին:

Վիրահատական միջամտությունների մասին

Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝

Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024