Դեպրեսիա․ ախտանիշներ
09-05-2019
3 րոպե

Դեպրեսիայի բացասական ազդեցությունը մարդկանց վրա կարող է տարբերվել՝ կախված տարիքից, սեռից, անձի տեսակից և մշակութային միջավայրից։
Որոշ մարդիկ կարող են դժվարությամբ նկարագրել բուն դեպրեսիայի զգացումները՝ դրա փոխարեն կենտրոնանալով ֆիզիկական ախտանիշների վրա։
Դեպրեսիայի ախտանիշները
Յուրաքանչյուր մարդ, ով հայտնվել է թախիծի և տխրության մեջ և այդ վիճակը տևում է 2 շաբաթ և ավելի, որի ընթացքում զարգացել են ստորև ներկայացված ախտանիշներից մի քանիսը, պետք է այցելի իր բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին (հոգեթերապևտ կամ հոգեբույժ)։
Դեպրեսիայի հուզական ախտանիշներ
- տխրության, ընկճվածության և «դատարկության» զգացումներ՝ օրերի մեծ մասը կամ գրեթե ամեն օր
- սովորական գործերի նկատմամբ հետաքրքրության կամ հաճույքի կորուստ
- ընտանիքից կամ ընկերներից մեկուսացում
- անօգուտության, մեղքի կամ մեղավորության զգացումներ
- ինքնասպանության (սուիցիդ) մտքեր
- առանց պատճառի լաց։
Դեպրեսիայի ֆիզիկական ախտանիշներ
- աշխուժության անկում, ակտիվության նվազեցում և մշտական հոգնածություն
- անքնություն կամ քնելու հետ կապված դժվարություններ
- ախորժակի կամ քաշի կորուստ
- երկար քուն կամ ախորժակի բարձրացում (ատիպիկ դեպրեսիա)
- ուշադրությունը կենտրոնացնելու, որոշումներ կայացնելու և իրերը հիշելու հետ կապված դժվարություններ
- շարժումների, մտածողության կամ խոսքի դանդաղեցում
- տեղում հանգիստ նստելու դժվարություն, անհանգստություն և ձեռքերի բռունցքում
- սեռական ցանկությունների թուլացում (տղամարդիկ և կանայք)
- մեջքի ցավեր կամ գլխացավեր
- թույլ և հիվանդ լինելու զգացում
- մարսողական խնդիրներ։
Դեպրեսիայով մարդկանց մոտ տարածված են նաև տագնապի ախտանիշները։ Հաճախ այս երկու վիճակները դրսևորվում են միաժամանակ։
Դեպրեսիայի առանձնահատկությունները երեխաների և դեռահասների մոտ
Երեխաների և դեռահասների մոտ դեպրեսիայի ախտանիշներն ընդհանուր առմամբ նման են չափահասների դեպրեսիայի նշաններին, սակայն ունեն որոշ առանձնահատկություններ։
Երեխաները կարող են դժվարանալ ներկայացնելու, որ զգում են ընկճվածություն, սակայն դառնում են դյուրագրգիռ, նշում անբացատրելի ցավեր, կորցնում ընկերների հետ խաղալու հետաքրքրությունը կամ դպրոցում ունենում ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ։
Իմացե՛ք ավելին երեխաների մոտ դեպրեսիայի դրսևորման մասին:
Դեռահասների մոտ դեպրեսիայի նշաններից են սոցիալական շփումներից և փոխհարաբերություններից խուսափելը, ուսման առաջադիմության անկումը, քնի կրճատումը կամ երկարացումը։ Դեպրեսիայով դեռահասները կարող են ունենալ նաև վարքաբանական շեղումներ, օրինակ՝ զայրույթ և պոռթկումներ, ավելորդ ռիսկայնություն (մեքենա վարելու կամ սեռական հարաբերությունների), թմրամիջոցների և ալկոհոլի փորձարկում և այլն։
Իմացե՛ք ավելին դեռահասների մոտ դեպրեսիայի դրսևորման մասին:
Դեպրեսիայի առանձնահատկությունները մեծ տարիքով անձանց մոտ
Մեծ տարիքով մարդկանց մոտ դեպրեսիան հաճախ մնում է չախտորոշված, քանի որ տրամադրության անկումը և դեպրեսիայի մյուս նշանները կարող են սխալմամբ դիտարկվել որպես մեծ տարիքում ֆիզիկական հիվանդությունների կամ կորուստների հետ կապված երևույթներ։ Բարձր տարիքով մարդկանց մոտ սուիցիդային մտքերին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, քանի որ այս տարիքում ինքնասպանության բարձր հաճախականությունը կապված է հենց դեպրեսիայի հետ։
Իմացե՛ք ավելին մեծ տարիքով մարդկանց մոտ դեպրեսիայի դրսևորման մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021