Հաճախ միոկարդիտն առանց բուժման ինքնուրույն բարելավվում է:
Միոկարդիտի բուժումը կենտրոնանում է պատճառի և ախտանիշների վրա, ինչպիսին հանդիսանում է սրտային անբավարարությունը:
Դեղորայքային բուժում
Թեթև միոկարդիտով մարդկանց կարող է խորհուրդ տրվել միայն հանգիստ և դեղորայքային բուժում:
- Կորտիկոստերոիդներ. այս դեղամիջոցները ճնշում են իմունային համակարգը: Դրանք կարող են նշանակվել վիրուսային միոկարդիտի հազվադեպ հանդիպող տեսակների բուժման մեջ, ինչպիսիք են հսկա-բջջային և էոզինոֆիլային միոկարդիտները:
- Սրտային դեղեր. եթե միոկարդիտն առաջացնում է ծանր սրտային անբավարարություն կամ անկանոն սրտազարկ, բժիշկը կարող է նշանակել սրտի խոռոչներում արյան մակարդուկների առաջացման ռիսկը կրճատող դեղեր: Թուլացած սրտի պայմաններում դեղերը նաև կարող են օգնել օրգանիզմից ավելցուկային հեղուկների հեռացմանը: Կախված իրավիճակից, բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, բետա-բլոկատորներ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ (ինհիբիտորներ) կամ անգիոտենզին II ընկալիչի պաշարիչներ (բլոկատորներ):
- Քրոնիկ հիվանդությունների դեղեր. երբեմն միոկարդիտի պատճառն այլ առողջական խնդիր է, օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտը (լուպուս): Միոկարդիտի պատճառ դարձած հիվանդության բուժումը կարող է օգնել սրտամկանի բորբոքման մեղմացմանը:
Միոկարդիտ ունեցող որոշ մարդկանց դեղորայքային բուժում նշանակվում է ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, որից հետո հիվանդությունը ետ է զարգանում: Մյուսների բուժումը կարող է դառնալ ավելի երկար, իսկ սրտի կայուն վնասումը պանաջում է ողջ կյանքի ընթացքում շարունակվող բուժում: Կարևոր է, որ միոկարդիտ ախտորոշվելուց հետո պարբերաբար այցելեք ձեր բժշկին և ստուգվեք, որ հավանական բարդությունները հայտնաբերվեն հնարավորինս վաղ:
Վիրահատություններ և միջամտություններ
Ծանր միոկարդիտի դեպքում կարող է առաջին պլան գալ ագրեսիվ բուժմումը:
- Ն/ե դեղեր. ներերակային տրվող դեղերը նշանակվում են սրտի կծկողական գործունեության ակտիվ բարելավման համար:
- Փորոքային օժանդակող սարք (VAD). այս սարքն օգնում է փորոքներից դեպի խոշոր զարկերակներ սրտի արտամղող գործունեությանը: Այն ցուցված է խիստ թուլացած սրտի կամ ծանր սրտային անբավարարության դեպքում և կարող է նշանակվել բուժման այլ տեսակների հետ միասին, օրինակ՝ սրտի փոխպատվաստման հերթին սպասելիս:
- Ներաորտային բալոնային պոմպ. այս սարքը օգնում է արյան հոսքի բարելավմանը և սրտի ծանրաբեռնվածության նվազեցմանը:
- Էքստրակորպորալ թաղանթային օքսիգենացիա (ECMO). ECMO սարքն աշխատում է թոքերի նման՝ հեռացնում է արյան ածխաթթու գազը և հարստացնում այն թթվածնով: Միջամտության ընթացքում արյունը դուրս է գալիս օրգանիզմից, անցնում սարքի միջով և կրկին մղվում օրգանիզմ:
- Սրտի փոխպատվաստում. խիստ ծանր միոկարդիտի դեպքերում կարող է առաջանալ անհետաձգելի սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024