Առողջական խնդիրներ

Ինքնավնասում

Ինքնավնասում

Time Read 2 րոպե

Ինքնավնասումն այն է, երբ ինչ-որ մեկը կանխամտածված կերպով վնասվածք է հասցնում իր մարմնին։

Ինքնավնասումն ի հայտ է գալիս որպես պատասխան խոր հուզական զգացումներին, օրինակ՝ ցածր ինքնագնահատական, կամ որպես տրավմատիկ իրադարձությանը դիմակայելու միջոց, օրինակ՝ սիրելի մարդու մահ։

Ինքնավնասումը կարող է կարճ ժամանակով մեղմացնել ցավագին զգացումները, երբ ֆիզիկական ցավը բթացնում է հուզական կամ հոգեկան ցավը։ Սակայն ֆիզիկական ցավի դադարեցումից հետո հուզական տառապանքը հետ է գալիս, ինչը հանգեցնում է ինքնավնասման կրկնման անհրաժեշտությանը:

Որոշ մարդիկ ինքնավնասումը օգտագործում են որպես սթրեսի հանման միջոց: Այլ դեպքերում այն իրենց վրա ուշադրություն գրավելու կամ որոշակի պահանջմունքներ բավարարելու միջոց է։ Ինքնավնասումը կարող է հանդես գալ նաև որպես հոգեկան խանգարման ախտանիշ (օրինակ՝ անձի սահմանային խանգարում):

Ինքնավնասումը սովորաբար կատարվում է առանց ինքնասպանության (սուիցիդալ) մտքերի, սակայն մարդիկ կարող են նաև պատահաբար սպանել իրենք իրենց։ Ժամանակի ընթացքում ինքնավնասումը կարող է վերածվել սովորության կամ բերել ինքնասպանության և հուսահատության զգացումների։ Եթե դուք ունեք ինքներդ ձեզ վնասելու կամ կյանքին վերջ տալու մտքեր, առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին կամ հոգեկան առողջության ոլորտի որևէ ծառայության կամ պարզապես զրուցեք այս թեմայով ձեր մոտիկ ընկերոջ կամ զուգընկերոջ հետ։

Ինքնավնասման ամենահաճախ հանդիպող տարբերակներից են՝

  • սուր առարկաներով ինքն իր մաշկը կտրելը կամ ճանկռելը
  • ինքն իր մաշկն այրելը (օրինակ՝ ծխախոտով)
  • ինքն իրեն հարված հասցնելը, ձեռքերը կծելը կամ մարմնի վրա բութ ազդեցություն գործադրելը
  • կախվելը կամ շնչահեղձություն առաջացնող այլ արարքները
  • ինքնաթունավորումները
  • ալկոհոլի կամ թմրամիջոցների չարաշահումը
  • ջրից կամ սննդից հրաժարվելը։

Մարդիկ հաճախ փորձում են ինքնավնասման դեպքերը գաղտնի պահել։ Նրանք սովորաբար հագուստի միջոցով ծածկում են մաշկի վնասված շրջանները և խուսափում են ինքնավնասման դեպքի կամ դրան հանգեցրած խնդրի մասին զրուցելուց։ Ինքնավնասման նշաններից են անբացատրելի վնասվածքները, դեպրեսիան կամ ցածր ինքնագնահատականը։

Ինքն իրեն կանխամտածված վնաս պատճառող մարդը կարող է իրականում լուրջ և ծանր վնասվածք ստանալ, ուստի խիստ կարևոր է, որ ինքնավնասման որևէ դեպք աննկատ չմնա և ժամանակին նախաձեռնվեն համապատասխան օգնության և բուժման միջոցառումները։

Հոդվածը տեղադրվել է՝ 08-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով