Առաջին քայլը ձեր բժշկին կամ ձեզ հարազատ ու վստահելի մարդուն պատմելն է ձեր ինքնավնասող վարքագծի մասին, որ կարողանաք օգնություն ստանալ:
Բուժումը հիմնված է ձեր կոնկրետ խնդիրների և հոգեկան առողջության հետ կապված ցանկացած վիճակի վրա, որը դուք կարող եք ունենալ, օրինակ՝ դեպրեսիան: Քանի որ ինքնավնասումը կարող է դառնալ ձեր կյանքի մի մասը մասը, ավելի լավ է բուժում ստանալ հոգեկան առողջության մասնագետի օգնությամբ, ով փորձառու է ինքնավնասման բուժման մեջ:
Եթե ինքնավնասման վարքագիծը կապված է հոգեկան առողջության վիճակի կամ հիվանդության հետ, ինչպիսին է դեպրեսիան կամ սահմանային անձնային խանգարումը, բուժման պլանը կենտրոնանում է այդ վիճակի, ինչպես նաև ինքնավնասման վարքագծի վրա:
Ինքնավնասման վարքագծի բուժումը կարող է պահանջել ժամանակ, քրտնաջան աշխատանք և վերականգնելու ձեր ցանկությունը:
Ահա ավելի մանրամասն տեղեկություններ բուժման տարբերակների մասին:
Հեգեթերապիա (փսիխոթերապիա)
Հոգեթերապիան, որը նաև հայտնի է որպես խոսակցական թերապիա կամ հոգեբանական խորհրդատվություն, կարող է օգնել ձեզ, որ՝
- բացահայտեք և կառավարեք հիմքում ընկած խնդիրները, որոնք առաջացնում են ինքնավնասում
- սովորեք հմտություններ՝ ավելի լավ կառավարելու անհանգստությունը և դժվարին իրավիճակները
- սովորեք ուժեղ հույզերը կամ զգացմունքների կառավարման ավելի լավ եղանակներ
- սովորեք, թե ինչպես բարձրացնել ձեր ինքնագնահատականը
- զարգացրեք ձեր փոխհարաբերությունները և սոցիալական հմտությունները բարելավելու եղանակներ
- զարգացնեք խնդիրների առողջ լուծման հմտություններ:
Կարող են օգտակար լինել անհատական հոգեթերապիայի մի քանի տեսակներ:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա (ԿՎԹ), որն օգնում է ձեզ բացահայտելու անառողջ, բացասական համոզմունքներն ու վարքագծերը և փոխարինել դրանք ավելի արդյունավետներով: Դուք նաև կարող եք սովորել հմտություններ, որոնք կօգնեն ձեզ անհրաժեշտության դեպքում հաղթահարել տարբեր դժվարին իրավիճակները:
- Դիալեկտիկ վարքագծային թերապիա. սա ԿՎԹ-ի մի տեսակ է, որը սովորեցնում է վարքագծային հմտություններ,որոնք կարող են օգնելու ձեզ, որ հաղթահարեք անհանգստությունը, կառավարեք կամ կարգավորեք ձեր հույզերըև բարելավեք այլոց հետ ձեր փոխհարաբերությունները:
- Գիտակցվածության վրա հիմնված թերապիաներ, որոնք օգնում են ձեզ ապրել ներկայով և հաղթահարել դժվարին հույզերն ու բացասական մտքերը: Դրանք կարող են օգնել նվազեցնելու անհանգստությունն ու դեպրեսիան և բարելավելու ձեր ընդհանուր ինքնազգացողությունը:
Բացի անհատական թերապիայի սեսիաներից, ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ ընտանեկան թերապիա կամ խմբակային թերապիա:
Դեղորայքային բուժում
Որևէ դեղամիջոց չկա, որը հատուկ կբուժի ինքնավնասող վարքագիծը: Այնուամենայնիվ, եթե ձեր մոտ ախտորոշվել է հոգեկան առողջության այնպիսի խնդիր, ինչպիսին է դեպրեսիան կամ տագնապային խանգարումը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հակադեպրեսանտներ կամ այլ դեղամիջոցներ՝ հիմնական հիվանդությունը կամ վիճակը բուժելու համար, որը կապված է ինքնավնասման հետ: Այս հիվանդությունների կամ վիճակների բուժումը կարող է օգնել, որ նվազի ինքներդ ձեզ վնասելու ցանկությունը:
Հիվանդանոցային (ստացիոնար) բուժում
Եթե դուք ձեզ լուրջ կամ բազմիցս վնասում եք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեզ հիվանդանոցային հոգեբուժական բուժում: Կարճ ժամանակում հիվանդանոցում բուժում ստանալը կարող է ապահովել անվտանգ միջավայր և ավելի ինտենսիվ բուժում, քանի դեռ չեք հաղթահարել ձեր ճգնաժամային վիճակը: Հոգեկան առողջության ցերեկային բուժման ծրագրերը, որոնք կենտրոնանում են անհանգստությունը կառավարելու համար վարքագծային հաղթահարման հմտություններ սովորեցնելու վրա, նույնպես կարող են տարբերակ լինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-06-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024