Տոնզիլիտի բուժումը սովորաբար ներառում է տնային միջոցները, որոշ դեպքերում՝ հակաբիոտիկները և հազվադեպ՝ նշագեղձերի հեռացումը:
Տնային բուժում և խնամք
Անկախ նրանից, թե տոնզիլիտը պայմանավորված է վիրուսային կամ բակտերիալ վարակով, տնային խնամքի մոտեցումները կարող են ձեր երեխայի համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել և նպաստել ավելի հեշտ ապաքինմանը:
Եթե տոնզիլիտի ակնկալվող պատճառը վիրուսն է, ապա տնային միջոցները դառնում են միակ անհրաժեշտ բուժումը: Նման դեպքերում բժիշկը չի նշանակում հակաբիոտիկներ: Ձեր երեխան, հավանաբար, իրեն ավելի կզգա 7-10 օրվա ընթացքում:
Ապաքինման ընթացքում տնային խնամքի մոտեցումները ներառում են հետևյալը:
- Խրախուսեք հանգիստը. խրախուսեք ձեր երեխային, որ շատ քնի:
- Տվեք բավարար հեղուկներ. տվեք ձեր երեխային շատ ջուր՝ նրա կոկորդը խոնավ պահելու և ջրազրկումը կանխելու համար:
- Տվեք հանգստացնող սննդամթերքներ և ըմպելիքներ. գոլից մինչև տաք տաք հեղուկները՝ արգանակը, կոֆեին չպարունակող թեյը կամ մեղրով տաք ջուրը, և սառցե խորանարդիկները կարող են հանգստացնել կոկորդի ցավը:
- Պատրաստեք աղաջրի ողողումներ. եթե ձեր երեխան կարող է ողողել կոկորդը, թույլ աղաջրով ողողումները (կես թեյի գդալ կերակրի աղը լուծեք մեկ բաժակ գոլ ջրում) կարող է օգնել հանգստացնել կոկորդի ցավը: Խնդրեք ձեր երեխային և հետևեք, որ ողողելուց հետո թքի լուծույթը:
- Խոնավացրեք օդը. օգտագործեք օդի սառը խոնավացուցիչ՝ չոր օդը վերացնելու համար, որը կարող է ավելի գրգռել ցավացող կոկորդը կամ երեխայի հետ մի քանի րոպե նստեք գոլորշով լի լոգարանում:
- Առաջարկեք մոմպասներ. 4 տարեկանից բարձր երեխաները կոկորդի ցավը թեթևացնելու համար կարող են ծծել մոմպաս:
- Խուսափեք գրգռիչներից. ձեր տունը զերծ պահեք ծխախոտի ծխից և ցնդող մաքրող միջոցներից, որոնք կարող են գրգռել կոկորդը:
- Բուժեք ցավը և ջերմությունը. հարցրեք ձեր բժշկին կոկորդի ցավը մեղմացնելու և բարձր ջերմությունը վերահսկելու համար Իբուպրոֆեն (Ադվիլ, Մանկական Մոտրին և այլն) կամ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) օգտագործելու մասին: Թեթև ջերմությունը, հատկապես, եթե ցավն անհանգստացնող չէ, դեղորայքային բուժում չի պահանջում: Երեխաները և դեռահասները չպետք է Ասպիրին ընդունեն, քանի դեռ բժիշկը չի նշանակել Ասպիրին՝ որոշակի հիվանդության բուժման համար: Երեխաների կողմից Ասպիրինի օգտագործումը՝ մրսածության կամ գրիպանման հիվանդությունների ախտանիշները բուժելու համար, կապված է Ռեյի համախտանիշի հետ՝ հազվադեպ, բայց հնարավոր կյանքին սպառնացող վիճակ:
Հակաբիոտիկներ
Եթե տոնզիլիտի պատճառը բակտերիալ վարակն է, բժիշկը կնշանակի հակաբիոտիկների կուրս: 10 օրվա ընթացքում բերանով ընդունվող պենիցիլինն ամենատարածված հակաբիոտիկային բուժումն է, որը նշանակվում է A խմբի ստրեպտոկոկով հարուցված տոնզիլիտի համար: Եթե ձեր երեխան ալերգիկ է պենիցիլինի նկատմամբ, բժիշկը կնշանակի այլ խմբի հակաբիոտիկ:
Ձեր երեխան պետք է ստանա հակաբիոտիկների ամբողջ կուրսը, ինչպես նշանակված է, նույնիսկ եթե ախտանշաններն ամբողջությամբ անհետանան: Ամբողջ դեղորայքը ըստ հրահանգների չընդունելը կարող է հանգեցնել վարակի վատթարացման կամ դեպի օրգանիզմի այլ շրջաններ տարածման: Հակաբիոտիկների ամբողջական կուրսը չավարտելը կարող է, մասնավորապես, մեծացնել ձեր երեխայի մոտ ռևմատիզմի և երիկամների լուրջ բորբոքման ռիսկը:
Հարցրեք ձեր բժշկին, թե ինչպես վարվել, եթե մոռացել եք երեխային տալ հակաբիոտիկի հերթական դեղաչափը:
Վիրահատություն
Նշագեղձերի հեռացման վիրահատությունը (տոնզիլեկտոմիա) կարող է առաջարկվել հաճախակի կրկնվող տոնզիլիտի, քրոնիկ տոնզիլիտի կամ բակտերիալ տոնզիլիտի բուժման համար, որը չի արձագանքում հակաբիոտիկների բուժմանը: Հաճախակի տոնզիլիտը սովորաբար սահմանվում է որպես՝
- առնվազն յոթ դրվագ նախորդ տարվա ընթացքում
- վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն հինգ դրվագ
- անցած երեք տարիների ընթացքում տարեկան առնվազն երեք դրվագ:
Տոնզիլէկտոմիա նաև կարող է իրականացվել նաև, եթե տոնզիլիտը հանգեցնում է դժվար կառավարելի բարդությունների, ինչպիսիք են՝
- քնի օբստրուկտիվ ապնոէ
- շնչառության դժվարություն
- կուլ տալու դժվարություն, հատկապես մսի և այլ պինդ մթերքների
- թարախակույտ, որը չի բարելավվում հակաբիոտիկներով բուժման դեպքում:
Տոնզիլեկտոմիան սովորաբար կատարվում է որպես ամբուլատոր միջամտություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեր երեխան շատ փոքր է, ունի բարդ առողջական վիճակ կամ եթե վիրահատության ընթացքում կարող են առաջանալ բարդություններ: Դա նշանակում է, որ ձեր երեխան պետք է կարողանա տուն գնալ վիրահատության օրը: Լիարժեք վերականգնումը սովորաբար տևում է 7-14 օր:
Իմացե՛ք ավելին տոնզիլէկտոմիայի մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 04-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024