Միևնույն ժամանակ, դիաբետի ռիսկը բարձրացնող գործոնները ռիսկի գործոններ են հանդիսանում նաև այլ լուրջ քրոնիկ հիվանդությունների համար: Դիաբետի կառավարումը և արյան շաքարի վերահսկումը կարող են նվազեցնել այս բարդությունների կամ ուղեկցող (կոմորբիտ) հիվանդությունների զարգացման ռիսկը:
Դիիաբետի հնարավոր բարդությունները և հաճախ հանդիպող ուղեկցող հիվանդություններն ամփոփ ներկայացված են ստորև:
Վերջույթների նյարդային ախտահարում (նեյրոպաթիա). բարձր արյան գլյուկոզը (հիպերգլիկեմիա) ժամանակի ընթացքում կարող է վնասել կամ ախտահարել նյարդերը՝ առաջացնելով ծակծկոցներ, թմրածություն, այրոցի զգացողություններ, ցավ կամ ի վերջո՝ զգացողության կորուստ, որը սկսվում է ոտքերի կամ ձեռքերի մատներից և աստիճանաբար տարածվում վերև: Դիաբետին ուղեկցող այսպիսի խանգարումները կոչվում են դիաբետիկ նեյրոպաթիա:
Երիկամային հիվանդություն. դիաբետը կարող է հանգեցնել քրոնիկ երիկամային հիվանդության կամ անդառնալի վերջնափուլային երիկամային հիվանդության, որը կարող է պահանջել դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում: Դիաբետին ուղեկցող երիկամային ախտահարումը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա:
Աչքի և տեսողության խնդիրներ. դիաբետը բարձրացնում է աչքի լուրջ հիվանդությունների ռիսկը, օրինակ՝ կատարակտ և գլաուկոմա, ինչպես նաև կարող է ախտահարել ցանցաթաղանթի արյունատար անոթները (դիաբետիկ ռետինոպաթիա), որը կարող է ավարտվել կուրությամբ:
Մաշկային հիվանդություններ. դիաբետը ձեզ դարձնում է ավելի «խոցելի» մաշկային խնդիրների նկատմամբ, այդ թվում՝ բակտերիալ և սնկային վարակներ:
Վերքերի ապաքինման դանդաղում. չբուժվելու դեպքւմ կտրված կամ քերծված վերքերը կարող են բարդանալ ծանր վարակներով, որոնք ուշ են լավանում, դժվարությամբ են ենթարկվում բուժմանը կամ երբեմն դառնում անբուժելի: Ծանր ախտահարումը կարող է պահանջել ոտքի մատների, ոտնաթաթի կամ ամբողջական վերջույթի անդամահատում (ամպուտացիա):
Լսողության թուլացում. դիաբետով մարդկանց մոտ շատ տարածված են լսողության խնդիրները:
Քնի ապնոէ. օբստրուկտիվ քնի ապնոէն տարածված է 2-րդ տիպի դիաբետով ապրող մարդկանց շրջանում: Գիրությունը կարող է հանդես գալ որպես այս երկու հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոն: Սակայն, դեռևս մնում է անհայտ, թե արդյոք քնի ապնոէի բուժումը կարող է բարելավել արյան գլյուկոզի մակարդակի հսկողությունը:
Դեմենցիա. 2-րդ տիպի դիաբետը հավանաբար բարձրացնում է Ալցհեյմերի հիվանդության և այլ խանգարումների ռիսկը, որոնք կարող են բերել թուլամտության (դեմենցիա): Արյան շաքարի մակարդակի ոչ համարժեք վերահսկումը կապված է հիշողության և այլ մտավոր հմտությունների ավելի արագ թուլացման հետ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։