2-րդ տիպի դիաբետը սովորաբար ախտորոշվում է գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c) թեստով:
Այս արյան թեստը ցույց է տալիս վերջին 2-3 ամիսների ընթացքում արյան շաքարի միջին մակարդակը: Արդյունքները մեկնաբանվում են հետևյալ կերպ՝
- 5,7%-ից ցածր՝ նորմա
- 5,7%–ից մինչև 6,4%՝ նախադիաբետ
- երկու առանձին թեստերով 6,5% կամ ավելի բարձր ցուցանիշները վկայում են դիաբետի մասին:
Եթե HbA1c թեստը մատչելի չէ կամ ունեք այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են ազդել թեստի արդյունքի վրա, ձեր բժիշկը նաև կարող է օգտագործել հետևյալ թեստերը:
- Պատահական արյան շաքարի թեստ. արյան շաքարի արժեքները ներկայացվում են շաքարի միլիմոլներով արյան 1 լիտրում (մմոլ/լ) կամ միլիգրամներով արյան 1 դեցիլիտրում (մգ/դլ): Անկախ այն հանգամանքից, թե երբ եք վերջին անգամ սնունդ ընդունել, 11,1 մմոլ/լ-ից կամ 200 մգ/դլ-ից բարձր արդյունքները կարող են վկայել դիաբետի մասին, հատկապես, եթե նաև ունեք դիաբետի ախտանիշներ, օրինակ՝ հաճախամիզություն կամ մշտական ծարավ:
- Քաղցած վիճակում շաքարի թեստ. այս դեպքում արյունը նմուշառվում է գիշերը քաղցած մնալուց հետո: Թեստի արդյունքները մեկնաբանվում են հետևյալ կերպ՝
- 5,6 մմոլ/լ-ից (100 մգ/դլ-ից) ցածր՝ նորմա
- 5,6-ից մինչև 6,9 մմոլ/լ (100-125 մգ/դլ)՝ ախտորոշվում է որպես նախադիաբետ
- երկու առանձին հետազոտություններով 7,0 մմոլ/լ (126 մգ/դլ) և ավելի բարձր՝ ախտորոշվում է որպես դիաբետ:
- Ներքին ընդունման (օրալ) գլյուկոզի տոլերանտության թեստ. այս թեստն ավելի հազվադեպ է օգտագործվում, քան մյուսները, բացառությամբ հղիության ժամանակ: Դուք պետք է թեստին նախորդող գիշերվա ընթացքում սնունդ չընդունեք (մնաք քաղցած), որից հետո առավոտյան լաբորատորիայում (կամ բժշկի կաբինետում) խմեք քաղցր հեղուկ: Արյան շաքարի մակարդակները պարբերաբար չափվում են հաջորդող 2 ժամվա ընթացքում: Թեստի արդյունքները մեկնաբանվում են այսպես՝
- 7,8 մմոլ/լ-ից (140 մգ/դլ) ցածր՝ նորմա
- 7,8-ից մինչև 11,0 մմոլ/լ (140-199 մգ/դլ)՝ ախտորոշվում է որպես նախադիաբետ
- երկու ժամ հետո 11,0 մմոլ/լ (200 մգ/դլ) կամ ավելի բարձր՝ վկայում է դիաբետի օգտին:
- Սքրինինգ․ Ամերիկյան դիաբետի ասոցիացիան (ADA) խորհուրդ է տալիս ախտորոշիչ թեստերով 2–րդ տիպի դիաբետի համար ստանդարտ սքրինինգ անցնել 35 տարեկան կամ ավելի մեծ տարիքի բոլոր չափահաս մարդկանց, ինչպես նաև հետևյալ խմբերին՝
- 35 տարեկանից փոքր անձինք, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ գիրություն և դիաբետի հետ կապված մեկ կամ մի քանի ռիսկի գործոններ
- կանայք, ովքեր ունեցել են գեստացիոն դիաբետ
- անձինք, ում ախտորոշվել է նախադիաբետ
- երեխաներ, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ գիրություն և ունեն 2-րդ տիպի դիաբետի ընտանեկան պատմություն կամ այլ ռիսկի գործոններ:
Ախտորոշումից հետո
Եթե ձեզ ախտորոշել են դիաբետ, ձեր բժիշկը կարող է առաջարկել այլ թեստեր, որ միմյանցից տարբերակի 1-ին և 2-րդ տիպի դիաբետները, քանի որ դրանք հաճախ պահանջում են տարբեր բուժումներ:
Բժիշկը կարող է առաջարկել HbA1c թեստի կրկնություններ՝ տարեկան առնվազն 2 անգամ կամ բոլոր այն դեպքերում, երբ բուժման մեջ կատարվել է որևէ մեծ փոփոխություն: Այս թեստի թիրախային ցուցանիշները կախված են ձեր տարիքից և այլ գործոններից: Մարդկանց մեծ մասի համար Ամերիկյան դիաբետ ասոցիացիան խորհուրդ է տալիս հասնել HbA1c-ի 7%-ից ցածր մակարդակի:
Բժիշկը նաև կարող է ձեզ առաջարկել կանոնավոր այլ ախտորոշիչ թեստեր՝ հսկելու դիաբետի հնարավոր բարդությունները կամ ուղեկցող հիվանդությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-03-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024