2-րդ տիպի դիաբետի պատշաճ կառավարումը կարող է նվազեցնել ծանր, նույնիսկ՝ կյանքին սպառնացող բարդությունների ռիսկը:
Փորձեք կյանքի կոչել հետևյալ խորհուրդները:
- Ակտիվ մասնակցեք ձեր դիաբետի կառավարմանը. տեղեկացեք 2-րդ տիպի դիաբետի վերաբերյալ ամեն ինչի մասին: Առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը դարձրեք ձեր առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը:
- Աշխատեք ձեր բուժանձնակազմի հետ. ստեղծեք երկարատև փոխհարաբերություններ ձեր դիաբետի կրթողի հետ և բուժող անձնակազմին խնդրեք օգնել ձեզ, երբ դրա կարիքն ունենում եք:
- Նույնականացրեք ինքներդ ձեզ. կրեք թևնոց կամ վզնոց այն մասին, որ ունեք դիաբետ, հատկապես, եթե ստանում եք ինսուլին կամ մեկ այլ շաքարը նվազեցնող դեղամիջոց:
- Նախատեսեք տարեկան բուժզննում և պարբերաբար աչքերի ստուգում. տանը գլյուկոմետրով արյան շաքարի ստուգումը բնավ չի փոխարինում կանոնավոր բժշկական այցերին կամ տեսողության ստուգումներին:
- Ժամանակին ստացեք բոլոր պատվաստումները. բարձր արյան գլյուկոզը կարող է թուլացնել ձեր իմունային համակարգը: Ստացեք գրիպի դեմ տարեկան պատվաստումները: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ստանաք նաև թոքաբորբի դեմ պատվաստանյութ: ԱՄՆ Հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) նաև խորհուրդ է տալիս 19-59 տարեկան անձանց պատվաստվել հեպատիտ B-ի դեմ, եթե նախկինում չեն պատվաստվել:
- Խնամեք ձեր ատամները. դիաբետը կարող է բարձրացնել ավելի լուրջ լնդային վարակների զարգացման ռիսկը: Կանոնավոր կերպով մաքրեք ատամները և պարբերաբար այցելեք ատամնաբույժին: Առանց ուշացնելու տեղեկացրեք նրան, եթե ունեք լնդային արյունահոսություն կամ այտուց:
- Ուշադրություն դարձրեք ձեր ոտնաթաթերին. ամեն օր գոլ ջրով լվացեք ձեր ոտքերը և վերջում նուրբ չորացրեք հատկապես մատների արանքը: Ամեն օր ստուգեք, թե արդյոք ոտնաթաթերին կան ճաքեր, վերքեր կամ քերծվածքներ, կարմրություն կամ այտուցվածություն: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք վերք կամ չլավացող այլ խնդիր:
- Պահեք ձեր արյան ճնշումը և խոլեստերինը հսկողության տակ. առողջ սնունդը և վարժանքները կարող են ունենալ մեծ նշանակություն բարձր արյան ճնշման և խոլեստերինի հսկման համար: Ընդունեք դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը:
- Եթե ծխում եք կամ օգտագործում եք ծխախոտի այլ տեսակներ, խնդրեք բժշկին, որ օգնի ձերբազատվելու դրանցից. ծխելը բարձրացնում է դիաբետի տարբեր բարդություններ ռիսկը: Ծխախոտից ազատվելը ոչ միայն օգնում է դիաբետի հսկողությանը, այլև բարելավում ձեր ընդհանուր առողջական վիճակը:
- Չափավորեք ալկոհոլի օգտագործումը. կախված տեսակից, ալկոհոլը կարող է նվազեցնել կամ բարձրացնել արյան շաքարի մակարդակները: Եթե որոշել եք ալկոհոլ օգտագործել, խմեք միայն ճաշելիս, այն էլ՝ քիչ քանակներով: Ալկոհոլ օգտագործելուց հետո հաճախակի ստուգեք ձեր արյան շաքարը:
Այլընտրանքային բժշկություն
Բազմաթիվ այլընտրանքային բուժումներ գովազդվում են որպես դիաբետով ապրող մարդկանց համար օգտակար մոտեցումներ: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ մեծամասամբ դրանք չունեն գիտական հիմնավորումներ:
- Քրոմի հավելումներն ունեն քիչ օգտարակություն կամ որևէ օգուտ չեն տալիս: Մեծ դեղաչափերը կարող են առաջացնել երիկամների վնասում, մկանային խնդիրներ և մաշկային ռեակցիաներ:
- Մագնեզիումի հավելումներն ըստ որոշ (բայց ոչ բոլոր) հետազոտությունների կարող են օգնել որոշ մարդկանց արյան շաքարի վերահսկմանը: Կողմնակի ազդեցություններից են լուծը և որովայնային կծկանքները: Խիստ բարձր դեղաչափերը (ավելի քան 5000 մգ/օր) կարող են դառնալ մահացու:
- Դարչինը, համաձայն որոշ հետազոտությունների, կարող է նվազեցնել քաղցած վիճակում գլյուկոզի մակարդակը, սակայն գլիկոհեմոգլոբինի (HbA1C) մակարդակի վրա չի ազդում (սա նշանակում է, որ չի ազդում նաև գլյուկոզի երկարատև հսկողության վրա): Դարչինի տեսակների մեծ մասը պարունակում է կումարին նյութը, որը կարող է առաջացնել կամ վատթարացնել լյարդային հիվանդությունը:
Բոլոր դեպքերում, եթե որոշել եք փորձել որևէ այլընտրանքային միջոց կամ հավելում, տեղեկացրեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024