2-րդ տիպի շաքարային դիաբետ
Դիաբետը հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում արյան գլյուկոզը պահել նորմալ մակարդակի վրա։
Եթե 1-ին տիպի դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձն ընդհանրապես չի կարողանում արտադրել ինսուլին, ապա 2-դ տիպի դիաբետը զարգանում է, երբ նվազում է ինսուլինի արտադրությունը կամ օրգանիզմը չի կարողանում պատշաճ կերպով օգտագործել այն։
2-րդ տիպի դիաբետի ընթացքը կարելի է կառավարելի դարձնել առողջ սննդակարգով և ֆիզիկական ակտիվ ապրելակերպով։ Եթե այս փոփոխությունները բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել հակադիաբետային դեղեր։
Ի՞նչ է 2-րդ տիպի դիաբետը
Ստամոքսից ներքև և ետ գտնվում է մարդու ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս), որի ֆունկցիաներից մեկն «ինսուլին» կոչվող հորմոնի արտադրությունն է։ Ինսուլինի շնորհիվ օրգանիզմի բջիջները յուրացնում են գլյուկոզը։ Այս հորմոնը գլյուկոզն արյունից տեղափոխում է դեպի մեր բոլոր հյուսվածքները և բջիջները, ինչպես նաև ապահովում է գլյուկոզի մուտքը դեպի բջիջ։
2-րդ տիպի դիաբետի ժամանակ օրգանիզմի բջիջները չեն կարողանում արդյունավետ կերպով «պատասխանել» ինսուլինին և մնում են «քաղցած», իսկ չյուրացված գլյուկոզը սկսում է կուտակվել արյան մեջ՝ առաջացնելով հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում)։
Ի՞նչը կարող է հանգեցնել 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը
2-րդ տիպի դիաբետի առաջացման պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն, սակայն հայտնի են այս հիվանդության ռիսկի գործոնները, որոնցից առավել կարևորներն են՝
- ժառանգականություն (ընտանեկան պատմություն)
- «նստակյաց» ապրելակերպ (ցածր, անբավարար ֆիզիկական ակտիվություն)
- անառողջ սննդակարգ
- որովայնային գիրություն (երբ մարմնի հավելյալ ճարպը կուտակված է գլխավորապես որովայնի շրջանում)։
2-րդ տիպի դիաբետի կանխարգելումը
Ի տարբերություն 1-ին տիպին, 2-րդ տիպի դիաբետը հնարավոր է կանխարգելել կամ հետաձգել հետևյալ ճանապարհներով՝
- մարմնի առողջ կշռի պահպանում
- կանոնավոր ֆիզիկական վարժանքներ
- առողջ սննդակարգ։
2-րդ տիպի դիաբետի ախտանիշները
2-րդ տիպի դիաբետով մարդկանց մեծ մասը հիվանդության սկզբնական շրջանում որևէ գանգատ չի ներկայացնում։ Մյուսների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
- ծարավի խիստ զգացում
- մեզի քանակի ավելացում
- հոգնածության զգացում
- քաղցի զգացում
- ուշ ապաքինվող վերքեր։
Ժամանակի ընթացքում դիաբետը բերում է բարդությունների, որոնք իրենց հերթին առաջ են բերում լրացուցիչ գանգատներ և նշաններ։
2-րդ տիպի դիաբետի ախտորոշումը
Եթե բժիշկը կասկածում է, որ ձեզ մոտ դիաբետ կա, նա նշանակում է որոշ հետազոտություններ, այդ թվում՝ արյան մեջ (և մեզում) գլյուկոզի մակարդակի և գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշում (վերջինը պատկերացում է տալիս հետազոտությանը նախորդող 3 ամսվա ընթացքում արյան գլյուկոզի միջին մակարդակի մասին)։
2-րդ տիպի դիաբետի բարդությունները
2-րդ տիպի դիաբետի բուժումը կարևոր է, քանի որ այն ոչ միայն ուղղված է ձեր արյան գլյուկոզի մակարդակի կարգավորմանը, այլև այս հիվանդության երկարաժամկետ տարբեր բարդությունների կանխարգելմանը, որոնցից են՝
- սրտի իշեմիկ (պսակային) հիվանդություն, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ
- երիկամային հիվանդություններ (նեֆրոպաթիա)
- ինսուլտ
- տեսողության հետ կապված բարդություններ (ռետինոպաթիա)
- ոտքերի և այլ շրջանների անոթների հետ կապված բարդություններ (դիաբետիկ անգիոպաթիա)
- նյարդային համակարգի հետ կապված բարդություններ (դիաբետիկ նեյրոպաթիա)։
2-րդ տիպի դիաբետի բուժումը
2-րդ տիպի դիաբետը կարող է «ետ քաշվել» զուտ ձեր ապրելակերպում որոշ շտկումներ անելով և այն առողջ դարձնելով (առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն)։ Այն դեպքերում, երբ միայն ապրելակերպն առողջացնելով չի հաջողվում կարգավորել արյան գլյուկոզի մակարդակը, բժիշկը նշանակում է որոշ դեղեր։ Ընդ որում, դեղերը ոչ թե փոխարինում, այլ լրացնում են առողջ ապրելակերպը։
Կան դիաբետի բուժման համար կիրառվող տարբեր դեղեր։ Դրանց ընդհանրական անվանումն է հակադիաբետային դեղեր («շաքարախտի դեղեր»), որոնք ձեր արյան գլյուկոզը կարող են կարգավորել տարբեր մեխանիզմներով։ Ժամանակի ընթացքում դիաբետի ընթացքը կարող է փոխվել և նման դեպքերում ձեր բժիշկը կփոփոխի նաև դեղորայքային բուժումը՝ փոխելով դեղերի տեսակները կամ դրանց դեղաչափերը։
Որոշ դեպքերում ձեզ կարող է նշանակվել նաև ինսուլին։
Ինչպե՞ս ապրել 2-րդ տիպի դիաբետով
Դուք կարող եք հաջող կերպով կառավարել ձեր հիվանդությունը, եթե՝
- սովորեք, թե ինչպես հսկել ձեր արյան գլյուկոզի մակարդակը
- հետևեք առողջ սննդակարգին
- լինեք ֆիզիկապես ակտիվ
- ընդունեք դեղերն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021