2-րդ տիպի դիաբետը կարող է վերահսկելի դառնալ միայն նպատակասլաց և հատևողական քայլերով:
2-րդ տիպի դիաբետի կառավարումը ներառում է՝
- առողջ սննդակարգ
- կանոնավոր վարժանքներ
- քաշի կորուստ
- անհրաժեշտության դեպքում՝ դիաբետի դեղեր կամ ինսուլինային բուժում
- արյան շաքարի վերահսկում:
Այս քայլերը ձեր արյան շաքարի մակարդակը կպահեն նորմալին մոտ, որը կարող է հետաձգել կամ կանխարգելել հնարավոր բարդությունները:
Առողջ սննդակարգ
Հակառակ տարածված կարծիքին, որևէ հատուկ «դիաբետի սննդակարգ» գոյություն չունի: Այնուամենայնիվ, կարևոր է, որ ձեր սննդակարգն ընտրելիս առաջնորդվեք հետևյալ սկզբունքներով՝
- հիմնական ճաշերի և առողջ նախաուտեստների կանոնավոր ժամանակացույց
- սննդի փոքր չափաբաժիններ
- ավելի շատ բջջանքով հարուստ մթերքներ, օրինակ՝ մրգեր, օսլա չպարունակող բանջարեղեն և ամբողջահատիկավորներ
- ավելի քիչ մաքրված (թեփազերծված) հատիկավորներ, օսլա պարունակող բանջարեղեններ և քաղցրավենիք
- քիչ քանակներով ցածր յուղայնության կաթնամթերքներ, քիչ ճարպ պարունակող միս և ցածր յուղայնության ձկնեղեն
- առողջ խոհարարական ձեթեր, ինչպիսիք են ձիթապտղի կամ կանոլայի ձեթը
- ավելի քիչ կալորիաներ:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ որակյալ դիետոլոգի խորհրդատվություն, ով կարող է օգնել հետևյալ հարցերում՝
- ձեր նախընտրելի սննդամթերքներից առողջ ընտրությունների կատարում
- լավ հավասարակշռված և սննդարար ճաշատեսակների նախագծում
- սնման նոր սովորույթների զարգացում և սովորույթները փոփոխելու խոչընդոտների հաղթահարում
- ածխաջրերի ընդունման վերահսկում՝ ուղղված արյան շաքարի մակարդակի կայունացմանը:
Ֆիզիկական ակտիվություն
Վարժանքները կարևոր են քաշը նվազեցնելու կամ առողջ քաշը պահպանելու համար: Դրանք նաև օգնում են արյան շաքարի մակարդակը կարգավորելուն: Մինչև ֆիզիկապես ակտիվ օրակարգին անցնելը զրուցեք ձեր ընտանեկան բժշկի հետ, որ ընտրեք ձեզ համար ամենաարդյունավետ, բայց և՝ ամենաանվտանգ տարբերակները:
Աերոբիկ վարժանքներ. ընտրեք այնպիսի աէրոբիկ վարժանքներ, որոնք ձեզ հաճույք են պատճառում, օրինակ՝ քայլք, լող, հեծանվավարում կամ վազք: Չափահասները պետք է հասնեն շաբաթվա օրերի մեծ մասի համար օրական առնվազն 30 րոպեանոց (կամ շաբաթվա համար ընդհանուր 150 րոպե) չափավոր ծանրաբեռվածության վարժանքներին: Երեխաների համար այս ցուցանիշն աճում է մինչև ամենօրյա 60 րոպեանոց չափավորից մինչև ծանր աէրոբիկ ակտիվության:
Դիմադրողական վարժանքներ. այսպիսի վարժանքները բարձրացնում են ձեր ուժը, բարելավում հավասարակշռությունը և օգնում ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ավելի հեշտ հաղթահարմանը: Դրանցից են՝ ծանրության բարձրացում, յոգա և գեղարվեստական մարմնամարզություն:
2-րդ տիպի դիաբետով մարդիկ պետք է նպատակադրվեն շաբաթական 2-3 սեանսների, իսկ երեխաները շաբաթական առնվազն 3 անգամ զբաղվեն այնպիսի վարժանքներով, որոնք ամրապնդում են մկանները և մարմնի ճկունությունը (օրինակ՝ դիմադրողական մարմնամարզություններ, տարբեր մարզաձևեր և այլն):
Թերակտիվության սահմանափակում. երկար ժամանակ նստած վիճակը (օրինակ՝ համակարգչով աշխատելիս) պարբերաբար՝ 30 րոպեն մեկ մի քանի րոպեով ընդհատելը և շրջակայքում քայլելը կամ թեթև ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը կարող են օգնել արյան շաքարի մակարդակների վերահսկմանը:
Քաշի կորուստ
Ավելորդ կիլոգրամներից ազատվելն օգնում է արյան շաքարի մակարդակների, խոլեստերինի, տրիգլիցերիդների և արյան ճնշման ավելի լավ հսկմանը: Եթե ունեք ավելորդ քաշ, դուք կարող եք այս գործոնների բարելավումները տեսնել՝ կորցնելով ձեր քաշի ընդամենը 5%-ը: Այնուամենայնիվ, որքան շատ քաշ կորցնեք և մոտենաք առողջ քաշի միջակայքին, այդքան ավելի մեծ օգուտ կտաք ձեր առողջությանը և հիվանդության կառավարմանը:
Ձեր բժիշկը և դիետոլոգը կարող են օգնել, որ ծրագրավորեք քաշի կարգավորման իրատեսական նպատակներ, այդ թվում՝ սննդակարգը բարելավելու միջոցով:
Քաշի նվազեցման վիրահատություններ
Քաշի նվազեցման վիրահատությունները փոփոխում են ձեր մարսողական համակարգի ձևը և գործունեությունը: Դրանք կարող են օգնել քաշի կրճատմանը, որի շնորհիվ՝ 2-րդ տիպի դիաբետի և գիրության հետ կապված այլ հիվանդությունների բուժմանը: Կան նմանատիպ վիրահատական միջամտությունների տարբեր տեսակներ, որոնք բոլորն էլ օգնում են քաշի նվազեցմանը՝ սահմանափակելով օգտագործվող սննդի չափը: Որոշ միջոցառումներ նաև կարող են նվազեցնել ներծծվող սննդանյութերի քանակը:
Ընդհանուր առմամբ քաշի նվազեցման վիրահատությունները կարող են այլընտրանք դառնալ 2-րդ տիպի դիաբետով ապրող այն մարդկանց համար, ում մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ) 35 և ավելի բարձր է: Վերջինս բանաձև է, որը մարդու հասակի և կշռի օգնությամբ գնահատում է ճարպի քանակը: Դիաբետի ծանրության աստիճանից կամ ուղեկցող հիվանդությունների առկայությունից կախված քաշի նվազեցման վիրահատություն կարող է առաջարկվել նաև մինչև 35 ՄԶՑ-ով մարդկանց:
Նկատի ունեցեք, որ նման վիրահատությունները պահանջում են ապրելակերպի փոփոխության երկարամյա միջոցառումներ: Այս միջամտությունների կողմնակի ազդեցություններից են սննդանյութերի պակասը և օստեոպորոզը:
Արյան շաքարի վերահսկում
Բժիշկը ձեզ խորհուրդ կտա, թե ինչքան հաճախ է պետք չափել արյան շաքարի մակարդակը՝ համոզվելու, որ այն կայունացել է թիրախային միջակայքում: Օրինակ, դուք կարող եք կարիք ունենալ չափել օրական մեկ անգամ և ֆիզիկական ակտիվությունից առաջ կամ հետո: Եթե ստանում եք ինսուլին, կարող է առաջանալ օրական մի քանի անգամ չափելու անհրաժեշտություն:
Արյան շաքարի վերահսկումը սովորաբար իրականացվում է տանը փոքր սարքի միջոցով, որը կոչվում է գլյուկոմետր: Տնային սարքով որպես կենսանմուշ վերցվում է մազանոթային արյուն (ձեռքի մատից): Դուք պետք է պահեք ձեր չափումների գրանցումները՝ դրանք ներկայացնելու ձեր բժշկին:
Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ ժամանակ առ ժամանակ լաբորատորիայում չափեք երակային արյան շաքարը (սա նաև թույլ է տալիս ստուգել տնային գլյուկոմետրի չափման ճշտությունը):
Դիաբետի դեղեր
Եթե սննդակարգով և վարժանքներով չի հաջողվում պահպանել ձեր արյան շաքարի թիրախային մակարդակը, բժիշկը կարող է նշանակել դիաբետի դեղեր, որոնք օգնում են արյան շաքարի մակարդակի նվազեցմանը կամ ինսուլինային բուժում:
Հղիություն
2-րդ տիպի դիաբետով կանայք հղիության ընթացքում կարիք ունեն որոշակի փոփոխություններ մտցնելու բուժման մեջ և պահպանելու բժշկի խորհուրդ տված սննդակարգը: Բազմաթիվ կանանց հղիության ընթացքում կարող է նշանակվել ինսուլին՝ ժամանակավորապես դադարեցնելով մյուս բուժումները, օրինակ՝ արյան ճնշման դեղերի ընդունումը:
Հղիության ընթացքում բարձրանում է դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման կամ դիաբետի ընթացքի ծանրացման ռիսկը: Եթե հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ, հղիության յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում այցելեք ակնաբույժին և ստուգեք ձեր աչքերն ու տեսողությունը:
Անհանգստանալու նշանները
Արյան շաքարի մակարդակների կանոնավոր վերահսկումը կարևոր է լուրջ բարդություններից խուսափելու համար: Պակաս կարևոր չէ նաև իմանալ այն գանգատների և ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել արյան շաքարի անկանոն մակարդակների և անհետաձգելի բուժման կարիք առաջանալու մասին:
Բարձր արյան շաքար (հիպերգլիկեմիա). որոշ սննդամթերքների մեծ քանակով օգտագործումը, հիվանդ լինելը կամ դեղերը ժամանակին չընդունելը կամ բաց թողնելը կարող են առաջացնել բարձր արյան շաքար: Գանգատները և ախտանիշները ներառում են՝
- հաճախակի միզում
- խիստ ծարավի զգացում
- բերանի չորություն
- մշուշոտ տեսողություն
- թուլություն և հոգնածություն
- գլխացավ:
Հիպերգլիկեմիկ հիպերօսմոլյար ոչ կետոնային համախտանիշ. սա կյանքին սպառնացող վիճակ է, որը ներառում է արյան շաքարի ավելի քան 33,3 մմոլ/լ (600 մգ/դլ) ցուցանիշը: Այս վիճակի զարգացման հավանականությունը բարձրանում է, եթե ունեք վարակ, դեղերը չեք ընդունում այնպես, ինչպես նշանակված է կամ օգտագործում եք որոշ ստերոիդներ կամ միզամուղներ: Գանգատները և ախտանիշները ներառում են՝
- բերանի չորություն
- սաստիկ ծարավի զգացում
- քնկոտություն
- շփոթվածություն
- մեզի մգացում
- ցնցումներ:
Դիաբետիկ կետոացիդոզ. դիաբետիկ կետոացիդոզը զարգանում է, երբ ինսուլինի պակասի պատճառով օրգանիզմում որպես էներգիայի աղբյուր շաքարի փոխարեն սկսում է տրոհվել ճարպը: Արդյունքում արյան մեջ սկսում են կուտակվել թթուներ, որոնք կոչվում են կետոններ: Դիաբետիկ ացիդոզի զարգացմանը նպաստում են որոշ հիվանդությունները, հղիությունը, տրավման և դեղերը, այդ թվում՝ SGLT2 արգելակիչներ կոչվող դիաբետի դեղամիջոցները:
2-րդ տիպի դիաբետի դեպքում դիաբետիկ կետոացիդոզը սովորաբար պակաս ծանր ընթացք է ստանում, սակայն թթուների թունավոր ազդեցությունը կարող է մնալ կյանքին սպառնացող: Հիպերգլիկեմիայի նշաններից բացի, ինչպիսիք են հաճախամիզությունը և խիստ ծարավի զգացումը, կետոացիդոզը կարող է առաջացնել՝
- սրտխառնոց
- փսխումներ
- որովայնային ցավեր
- շնչարգելություն և հևոց
- մրգահոտ շնչառություն։
Ցածր արյան շաքար. եթե ձեր արյան շաքարի մակարդակն ընկնում է ձեր թիրախային միջակայքից ավելի ներքև, նման վիճակը հայտնի է որպես ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա): Ձեր արյան շաքարի մակարդակը կարող է կտրուկ ընկնել տարբեր պատճառներով, ներառյալ՝ ճաշերի բաց թողում, դեղերի սովորականից ավելի մեծ քանակների չկանխամտածված ընդունում կամ սովորականից ավելի ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվություն: Գանգատները և ախտանիշները ներառում են՝
- քրտնարտադրություն
- դող
- թուլություն
- խիստ քաղցի զգացում
- գերգրգռվածություն
- գլխապտույտ
- գլխացավ
- մշուշոտ տեսողություն
- սրտխփոց
- խոսքի աղավաղում
- քնկոտություն
- շփոթվածություն:
Եթե ունեք ցածր արյան շաքարի գանգատներ կամ նշաններ, խմեք կամ կերեք ինչ-որ մի բան, որը կարող է արագ բարձրացնել ձեր արյան շաքարի մակարդակը՝ քաղցր մրգահյութ, գլյուկոզի հաբեր, կոնֆետ կամ շաքարի այլ աղբյուր: 15 րոպե հետո կրկին չափեք ձեր շաքարը: Եթե շաքարի մակարդակները մնում են թիրախային միջակայքից ցածր, կրկնեք շաքարի ընդունումը: Արյան շաքարի թվերի նորմալացումից հետո ընդունեք ձեր կերակուրը:
Եթե կորցրել եք գիտակցությունը, ուրեմն առաջացել է ձեզ անհապաղ գլյուկագոն ներարկելու անհրաժեշտություն: Գլյուկագոնը հորմոն է, որը խթանում է լյարդից դեպի արյան հուն շաքարի ազատումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024