Skip to main content

Ի լրումն ընդհանուր ֆիզիկական քննությանը (բուժզննում), ձեր բժիշկը, հավանաբար, ձեր այցելության ընթացքում կանցկացնի հետևյալ միջոցառումները:

  • Զգուշությամբ կշոշափի ձեր որովայնը, որ ստուգեք ցավը, ցավոտությունը կամ անկանոն գոյացությունները:
  • Կզննի ձեր հետանքցի հյուսվածքը և շրջակա մաշկը:
  • Ձեռնոցով մատով կստուգի ձեր ուղիղ աղիքի և հետանցքի մկանների վիճակը։

Ձեզ նաև հարցեր կտան ձեր հիվանդության պատմության (անամնեզ), սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և աղիների գործունեության մասին: Որոշ մարդկանց համար այս նախնական տեղեկատվությունը կարող է բավարար լինել ախտորոշման և բուժման ծրագրի համար:

Այլ մարդկանց համար կարող է անհրաժեշտ լինել մեկ կամ մի քանի լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն բժշկին հասկանալու փորկապության բնույթը կամ պատճառը:

Լաբորատոր թեստեր

Արյան թեստերը կարող են օգնել փորկապության պատճառի հայտնաբերմանը: Օրինակ, ձեր բժիշկը կարող է փնտրել այնպիսի համակարգային վիճակներ, ինչպիսին են վահանաձև գեղձի հորմոնների ցածր (հիպոթիրեոզ) կամ կալցիումի բարձր մակարդակները (հիպերկալցեմիա):

Էնդոսկոպիա

Ձեր բժիշկը կարող է նշանակել մի միջոցառում, որը կոչվում է էնդոսկոպիա: Տեսախցիկով փոքրիկ խողովակը ուղղորդվում է հաստ աղիքի լուսանցք: Սա կարող է բացահայտել հաստ աղիքի վիճակը կամ անկանոն հյուսվածքների առկայությունը: Այս միջոցառումից առաջ ձեզ կարող են հրահանգել սննդակարգի սահմանափակում, կատարել հոգնա կամ առաջարկել խմել լուծույթներ, որոնք մաքրում են ձեր հաստ աղիքների պարունակությունը: Ընդհանուր առմամբ կան երկու տեսակի հետազոտություններ:

  • Կոլոնոսկոպիան ուղիղ աղիքի (ռեկտում) և ամբողջ հաստ աղիքի (խթաղի կամ կոլոն) հետազոտությունն է:
  • Սիգմոիդոսկոպիան ուղիղ աղիքի և խթաղու ստորին մասի՝ սիգմայաձև կամ վայրէջ աղիքի հետազոտությունն է:

Պատկերային հետազոտություններ

Կախված ձեր ախտանիշներից, ձեր բժիշկը կարող է նշանակել ռենտգեն հետազոտություն: Ռենտգենը կարող է ցույց տալ, թե որտեղ է հաստ աղիքի որ հատվածում է կղանքը կանգ առել և արդյոք հաստ աղիքը խցանված է: Պատկերային հետազոտությունները, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորումը կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), կարող են անհրաժեշտ լինել՝ ախտորոշելու այն հիվանդությունները, որոնք կարող են փորկապություն առաջացնել:

Կղանքի շարժման հետազոտություններ

Ձեր բժիշկը կարող է նշանակել հետազոտություն, որը ներկայացնում է հաստ աղիքով կղանքի շարժը: Սա կոչվում է կոլոռեկտալ տարանցման (տրանզիտի) հետազոտություն: Նման հետազոտությունների օրինակներից են`

  • ռենտգենկոնտրաստային մարկերային հետազոտություն, որը ռենտգեն հետազոտություն է և ցույց է տալիս, թե որոշակի ժամանակի ընթացքում դեղահաբից փոքր գնդիկները որքան հեռու են տեղափոխվել հաստ աղիքում
  • սցինտիգրաֆիա, որի ընթացքում դուք ուտում եք քիչ քանակի ռադիոակտիվ նյութերով կերակուր, որոնց հաստ աղիքով տեղաշարժը գրանցվում է հատուկ տեխնոլոգիայով:

Ուղիղ աղիքային և հետանցքային հետազոտություններ

Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել այլ հետազոտություններ, որ չափի, թե որքան լավ են գործում ձեր ուղիղ աղիքն ու հետանցքը, և որքան լավ կարող եք հեռացնել ձեր կղանքը:

  • Անոռեկտալ մանոմետրիա. այս հետազոտության ժամանակ ձեր բժիշկը նեղ, ճկուն խողովակ է մտցնում ձեր հետանցքով ուղիղ աղիքի մեջ, այնուհետև փչում է խողովակի ծայրի փոքրիկ փուչիկը: Այնուհետև սարքը հետ է քաշվում սեղմանի (սֆինկտերի) մկանների միջով: Սա թույլ է տալիս ձեր բժշկին չափել մկանների կոորդինացումը, որոնք օգտագործում եք ձեր աղիքները դատարկելիս:
  • Բալոնային էքսպուլսացիայի կամ արտամղման թեստ. այս հետազոտությունը, որը հաճախ օգտագործվում է անոռեկտալ մանոմետրիայի հետ մեկտեղ, չափում է այն ժամանակը, որը ձեզ անհրաժեշտ է դուրս մղելու ուղիղ աղիքի մեջ տեղադրված ջրով լցված փուչիկը:
  • Դեֆեկոգրաֆիա. այս հետազոտության ընթացքում ձեր բժիշկը բարիումից պատրաստված փափուկ մածուկ է ներմուծում ձեր ուղիղ աղիքի մեջ: Այնուհետև դուք կղազատում եք բարիումի մածուկն այնպես, ինչպես կղանքը: Բարիումը երևում է ռենտգենով կամ ՄՌՏ-ով և կարող է բացահայտել պրոլապսը կամ մկանների աշխատանքի և մկանների համակարգման հետ կապված խնդիրները:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024